‘Վիլնյուսյան փաստաթղթի նախագիծը պատրաստ է. Հայաստանի հարցը կքննարկվի ամիսներ հետո’

822

Հայտնի է դարձել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երրորդ գագաթնաժողովի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Եվրամիությունն ավելի անորոշ ձևակերպմամբ է փոխարինել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու պայմանները «Արևելյան գործընկերության» մասնակից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:

«Արևելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության նախագծի նախորդ տարբերակում լիովին ներառված էր ԵՄ մասին պայմանագրի 49 հոդվածը, որում ասվում է. «Ցանկացած եվրոպական պետություն, որը հարգում է (ԵՄ) … արժեքները, պարտավորվում է դրանք կյանքի կոչել, կարող է հայտ ներկայացնել Միությանն անդամակցելու նպատակով»: Այժմ այն փոխարինվել է ավելի անորոշ ձևակորպմամբ այն մասին, որ «Վիլնյուսի գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հաստատում են, որ ճանաչում են որոշ գործընկերների եվրոպական ձգտումներն ու եվրոպական ընտրությունը և հաստատուն ժողովրդավարական հասարակություն կառուցելու նրանց պարտավորությունը», — հայտարարել է ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը:

Ուշագրավ է, որ փաստաթղթի նախնական այս տարբերակում, ճիշտ է՝ փակագծում, բայց, այդուամենայնիվ, դրույթ կա Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին, ինչը հուշում է, որ Բրյուսելը դեռևս վերջնականապես հույսը չի կորցրել և ակնկալում է, որ վերջին պահին Յանուկովիչը կարող է միտքը փոխել։ Հայաստանի մասով որևէ այսպիսի հիշատակում չկա: Ռիկարդ Յոզվիակի խոսքով, Բրյուսելը դեռևս քննարկում է պաշտոնական Երևանի հետ առանձին կնքվելիք փաստաթուղթը, որն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2-3 ամիս անց։

«Ես խոսել եմ եվրոպացի դիվանագետների հետ, նրանք պնդում են, որ հունվար-փետրվարին Եվրամիության անդամները կրկին կհավաքվեն և կքննարկեն՝ ինչ է հնարավոր անել Հայաստանի հետ։ Խնդիրն այն է, որ դեռևս սեղանին է մնում Ասոցացման համաձայնագիրը, որը ամբողջովին բանակցված է, մյուս կողմից՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ։ Այժմ Բրյուսելում հետևում են այս գործընթացին, որոշելու՝ կա՞ արդյոք որևէ փոխզիջումային տարբերակ»։

Ինչ վերաբերում է Վրաստանին և Մոլդովային, որոնք մինչև այս պահը շարունակում են հավատարիմ մնալ եվրոպական ինտեգրացիային, Ռիկարդ Յոզվիակի խոսքով, այս հավատարմությունը առաջիկա ամիսներին արդեն կստանա իր հստակ գնահատականը՝ վրացական գինիների առջև կբացվեն եվրոպական շուկայի դռները, իսկ մոլդովացիները  ակնկալվում է, որ հաջորդ տարվանից Եվրամիություն կմտնեն առանց վիզային ռեժիմի։

Նախորդ հոդվածը‘Մկնիկներ` Ազգային ժողովի մուտքի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. Մխիթարյանը «Նապոլիի» դեմ խաղում բացարձակ արդյունավետություն դրսեւորեց’