‘Վիլնյուսում տեղի է ունեցել Լիտվա-Հայաստան ֆորումի բացման արարողությունը’

1026

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Լիտվայի Սեյմասում /խորհրդարանում/ տեղի ունեցավ Լիտվա-Հայաստան ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին պատգամավորներ, քաղաքական, գիտության, մշակույթի, սպորտի ականավոր գործիչներ, դերասաններ, լրագրողներ, հայ համայնքների ներկայացուցիչներ:
Լիտվա-Հայաստան ֆորումը նպատակաուղղված է ակտվիացնելու Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ կապերը մշակույթի, արվեստի, հասարակական դիվանագիտության, սպորտի, տնտեսական ոլորտներում:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, բացման արարողությանը ելույթներով հանդես են  եկել Լիտվայի խորհրդարանի մի շարք անդամներ, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ֆորումի համակարգող, իրավաբան Արմեն Հայրապետյանը: Համաձայն ԱԳՆ հաղորդագրության, Ֆորումի ստեղծման հռչակագրին միացել են Լիտվայի մշակույթի նախարար Արունաս Գելունասը, Հաղորդակցության նախարար Էլիգիյուս Մասյուլիսը, լիտվական հասարակության այլ ականավոր ներկայացուցիչներ:  
Միջոցառմանը դեսպան Արա Այվազյանը Լիտվայի Սեյմասի անդամ Յուստինաս Կարորսասի այրիին հանձնեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից հետմահու պարգևատրված ՀՀ ԱԺ Պատվո մեդալը` Հայաստանի և Լիտվայի միջպետական հարաբերությունների զարգացման, երկկողմ միջխորհրդարանական համագործակցության խորացման և հայ ու լիտվացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում զգալի ավանդի համար:

 

Նախորդ հոդվածը‘Սումգայիթում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել ‘
Հաջորդ հոդվածը‘2008. «Հանել գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից», 2012. «Փնթի ա, փնթի»’