‘Վիկտոր Իվանովը հերքում է իր առնչությունը Լիտվինենկոյի սպանությանը’

1078

Ռուսաստանի՝ Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովն անհեթեթ է անվանել Լոնդոնում ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությանը իր հնարավոր առնչության վերաբերյալ վարկածը:

Բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում Իվանովը Մեծ Բրիտանիայում Լիտվինենկոյի սպանության գործով անցկացվող հետաքննությունն անվանել է քաղաքական պատվեր, իսկ հետաքննության եզրակացությունները՝ ծայրից ծայր սուտ: Իվանովը, մասնավորապես, հերքել է, որ ինքը եղել է Լիտվինենկոյի սպանության պատվիրատուն:

Ըստ վարկածներից մեկի՝ Լիտվինենկոյին սպանել են այն պատճառով, որ նա փաստեր է ունեցել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի որոշ պաշտոնյաներ (այդ շրջապատում է նաև Վիկտոր Իվանովը) կապ ունեն կազմակերպված հանցավորության հետ:

2015 թ. ապրիլին Լոնդոնի դատարանը հրապարակեց գործի նյութերը, այդ թվում՝ Վիկտոր Իվանովի դոսիեն: Թագավորական դատախազությունը հանցագործության անմիջական կատարողներ է համարում ԱԴԾ նախկին սպա, այժմ՝ ՌԼԴԿ-ից պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյին և գործարար Դմիտրի Կովտունին, որը նույնպես նախկինում համագործակցել է հատուկ ծառայությունների հետ: Առայժմ բրիտանական հետաքննության մարմինները չեն հայտնել, թե կոնկրետ ում են համարում հանցագործության պատվիրատու: Լիտվինենկոյի սպանության հետաքննության վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակը կհրապարակվի այսօր՝ հունվարի 21-ին:

Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թ., ռադիոակտիվ պոլոնիում-210-ով թունավորման արդյունքում: Կենդանության օրոք ԱԴԾ նախկին աշխատակիցը Պուտինի և ռուսաստանյան հատուկ ծառայությունների ակտիվ քննադատն էր: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ղրիմի իշխանությունները հայտարարել են Մուստաֆա Ջեմիլևի հեռակա կալանքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը’