‘Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմը կյանքի իմաստը փնտրելու ուղևորություն է’

968

Հուլիսի 14-ին «Ոսկե ծիրան» 9-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Վիտալի Մանսկու «Գիրքը» վավերագրական ժապավենի երևանյան պրեմիերան: Ֆիլմը ոգեշնչվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունից: Ֆիլմի հերոսը ժամանակակից մարդն է, որն ապրում է ժամանակակից աշխարհում, որտեղ կյանքի իմաստի մասին ֆունդամենտալ հարցն ակտուալ բնույթ չի կրում:

Ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նշել է Վիտալի Մանսկին, ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել բազմաթիվ երկրներում` Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկա: Ռեժիսորը նշել է, որ «Գիրքը» ֆիլմն ամենադժվարն էր իր ստեղծագործական կենսագրության մեջ: «Ես ձեռնամուխ եղա նկարահանումներին, երբ հասկացա, որ իմ կյանքի մեծ մասն արդեն անցել է: Ես դարձա 50 տարեկան, և իմ առջև ծառացան հարցեր, որոնք ինձ անհանգստացնում էին, ինչպես նաև հիասթափեցնում՝ ստիպելով ռևիզիայի ենթարկել իմ անձնական կյանքը»,-ասել է նա:

Բոլոր այդ հարցերի պատասխանը Մանսկին գտավ՝ աշխատելով «Գիրքը» ֆիլմի վրա: «Ես հասկացա, որ կյանքը մեր ֆիլմից այնքան էլ երկար չէ»,-նշել է ռեժիսորը:

Հատկանշական է, որ ֆիլմի հերոսները խոսում են տարբեր լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն: Իսկ ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնում:

Վիտալի Մանսկու ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների, այդ թվում՝ նոր դոկումենտալիստիկայի եվրոպական մրցանակին, որը սահմանվել է Լեյպցիգի փառատոնի SAT եվրոալիքի կողմից, ինչպես նաև լավագույն ռեժիսոր մրցանակին (Լոկառնո): 2013 թվականին «Խողովակ» ֆիլմի համար Մանսկին Սոչիում արժանացել է ռուսաստանյան «Կինոտավր» 24-րդ կինոփառատոնի «Լավագույն ռեժիսուրայի» մրցանակին, ինչպես նաև Կառլովի Վարիի 48-րդ Միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Օբաման լեգիտիմացրեց Տիգրան Սարգսյանին’