‘Վիրահայոց թեմի առաջնորդի հայտարարությունը հակահայկական նոր ալի՞ք կբարձրացնի Վրաստանում’

1287

Հունվարի 26-ի իր ավելի քան հազվագյուտ հայտարարությամբ` Վիրահայոց թեմը անսպասելիորեն  մտավ Վրաստանում ծայր առած քաղաքական հակադրության մեջ: Թե ո՞րն էր վիրահայ համայնքը Վրաստանի ներքաղաքական հարթություն ներքաշելու նպատակը, մնում է միայն ենթադրություններ անել:

Տեսնենք, թե ինչ հետեւանքներ է ունենալու Վիրահայ առաջնորդարանի` իբր Չախալյանի պաշտպանության նպատակով, իրականում ընդգծված քաղաքական հայտարարությունը, որտեղ մի քանի կոշտ մեղադրանքներ կան Վրաստանի ընդդիմադիր` Միասնական ազգային շարժման (ՄԱՇ-նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցությունը-խմբ.) առաջնորդների ուղղությամբ: Հիշեցնենք, որ ՄԱՇ կառավարումը (2004-2012) աչքի էր ընկել վիրահայոց թեմի բարգավաճմանը, հայորդիների` եկեղեցու հանդեպ հետաքրքրության աննախադեպ աճին միտված քայլերով, հայկական եկեղեցիների` պետության աջակցությամբ վերանորոգմամբ, նոր առաջնորդարանի եւ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կողքին մշակույթի կենտրոնի կառուցմամբ եւ ամենակարեւորը` տասնամյակներ ձգվող խնդրի` վիրահայոց թեմի կարգավիճակի հարցի փաստացի կարգավորմամբ: Վիրահայոց թեմն էլ իր հերթին բազմաթիվ առիթներով խոսել է պետության կողմից ցուցաբերած աջակցության մասին, կարևորել է «այն հանդուրժողական ոգին ու շունչը, որը ստեղծված էր Վրաստանում գործող տարբեր դավանանքների համար իրենց Աստվածահաճո գործունեությունը ծավալելու նպատակով»:
Բոլորը հիշում են, թե ինչպիսինն էր հայկական եկեղեցու, Առաջնորդարանի վիճակը Է. Շեւարդնաձեի օրոք եւ ինչպիսի նշանակալի փոփոխություններ արվեցին այդ հարցում՝ Սաակաշվիլու իշխանության գալուց ի վեր: Ինչ վերաբերում է Չախալյանի խնդրին, հարկ է ընդգծել, որ եթե իսկապես Հայաստանին` ի դեմս վարչապետի եւ Կաթողիկոսի հետաքրքրում էր վերջինիս ճակատագիրը, ապա արժեր այդ մասին հայտնել հանրությանը դեռեւս մի քանի տարի առաջ, երբ իրականացվեց ջավախահայ գործչի ձերբակալությունը: Վրաց պաշտոնյաներին այդ մասին ասելու հնարավորություններ եղել են թե Գարեգին Բ-ի, եւ թե պաշտոնայների վերջին տարիների բազմաթիվ այցելությունների ընթացքում:  Փաստն այն է, սակայն, որ թե՛ ՀՀ իշխանությունները եւ թե՛ եկեղեցին երբեւէ չեն բարձրաձայնել նշյալ խնդիրը եւ ավելի քան անհասկանալի է այն տոնայնությունը, որով վիրահայոց թեմի առաջնորդը խոսում է այն երկրի նախկին պաշտոնյաների մասին, ում հետ ժամանակին սերտորեն եւ ի նպաստ հայ համայնքի աշխատել է: Ի՞նչ կարիք կար ասելու, որ «ՄԱՇ գործիչների ոչ վայելուչ հայտարարություններով փորձ է արվում նպաստել հակահայկական տրամադրությունների տարածմանը Վրաստանում»: Հիմա տեսնենք՝ Սաակաշվիլու հայտարարությո՞ւնն է փորձ տարածել հակահայկական տրամադրություններ, (երբ նա որեւէ կապ Չախալյանի գործողությունների եւ Հայաստանի միջեւ չի տեսնում), թե՞ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կոշտ գնահատականները, որոնք լայնորեն «լուսաբանվեցին» թե իշխանական, եւ թե ընդդիմադիր բոլոր լրատվամիջոցներով: Վրաստանի բոլոր քաղաքացիները լսեցին, որ Հայոց թեմի առաջնորդարանը հայտարարում է, որ «նախկին իշխանությունները առանձնահատուկ կերպով օգտագործում էր արդարադատության համակարգը իր քաղաքական ընդդիմադիրների դեմ»: Ի՞նչ է սա, եթե ոչ օտարի (Միրզախանյանը Վրաստանի քաղաքացի չէ) փորձ՝ միջամտելու ինքնիշխան պետության ներքին գործերին: Կամ Վրաստանում ո՞վ չգիտի, թե ինչպիսի աջակցություն էր ստանում Վիրահայոց թեմը նախկին իշխանություններից: Այս ամենից հետո կարելի է միայն պատկերացնել վրացիների արձագանքը այսպիսի բովանդակությամբ հայտարարությանը:

Բազմիցս է նկատվել, որ Սաակաշվիլու իշխանությունը արմատախիլ արեց հակահայկական հոդվածներ/վերլուծությունները, որոնք պարբերաբար լույս էին տեսնում տարբեր հանդեսներում Շեւարդնաձեի իշխանության օրոք: Բնականաբար, նման հոդվածները անպատասխան չէին մնում եւ հարկ էր առաջանում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների, դեսպանության միջամտությունը,  որպեսզի կարճ ժամանակով դադարեցվեն փոխհարձակումները: Ավելի քան ութ տարի չկար նման երեւույթ, ինչի շնորհիվ կտրուկ բարելավել է Հայաստանի, հայերի ընկալումը վրացիների կողմից: 2004-2005 թվականներից սկսած Վրաստանի լրատվամիջոցները երբեք չեն լուսաբանել հայաստանյան իրադարձությունները բացասական շեշտադրումներով: Այդ բարելավված մթնոլորտը նպաստել է նաեւ Հայաստանի քաղաքացիների այցելությունների շեշտակի աճին, մեր գործարարների կողմից գործունեության ազատ ծավալմանը Վրաստանում:

Վրաստանի հասարակության աչքից չի վրիպել նաեւ Վիրահայոց առաջնորդարանի կողմից հնչեցված այն միտքը, որ Հայոց կաթողիկոսը արձագանքել է Չախալյանի բարեկամների խնդրանքին այն պայմաններում, երբ Հայաստանում հետընտրական զարցումների հետեւանքով քաղաքական գործիչների ազատազրկման ժամանակ Հայոց Կաթողիկոսը, ըստ էության, մերժել էր մի քանի տասնյակ քաղբանտարկյալների ազատման համար միջնորդելու խնդրանքը: Նման կրավորական կեցվածը առնվազն տարակուսանք է առաջացնում նաեւ մեզանում եւ այս հարցի պատասխանը Մայր Աթոռը երբեւէ պետք է տա:

Բոլորս ենք հիշում Վիրահայ թեմի լռությունը Իվանիշվիլու հակահայկական հայտարություններից հետո: Առավել եւս, երբ այդ հայտարարությունը մեղմելու նպատակով Վրաստանի վարչապետի արված նոր մեկնաբանությունը չհերքեց առաջին հայտարարությունը:

Զսպվածություն պահպանելու, հանդուրժողականություն քարոզելու փոխարեն դատապարտող հայտարարությամբ հանդես եկող Վիրահայոց թեմը հիմնավոր կասկածներ է սերմանել Հայաստանի եւ Վրաստանի հասարակություններում առ այն, որ նման գործողությունները հնարավոր չէին լինի առանց Հայաստանի քաղաքական ղեկավարության մասնակցության: Առանց Ս. Սարգսյանի ուղիղ կարգադրության ՀՀ վարչապետը երբեք չէր բարձրացնի Չախալյանի ազատման հարցը Իվանիշվիլու հետ հանդիպման ժամանակ եւ առանց քաղաքական հրահանգի նման աննախադեպ հայտարարությամբ հանդես չէր գա նաեւ Վիրահայոց թեմը: Մեծ մտավախություն կա, որ այս հայտարարությունը Վրաստանում   հակահայկական նոր ալիք է բարձրացնելու, ուր իշխանության եկած ազգայնական ուժերի ջանքերին կմիանան նաեւ հասարակության այլ ծայրահեղական սեգմենտներ, որոնց այլեւս չի զսպելու Սաակաշվիլու քաղաքական ուժը: Ցավոք, դրա նշանները արդեն առկա են:

Իրինա Ավետիսյան 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում 6,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Մալի’