‘Վիրավոր Վարդան Պետրոսյան եւ երկու զոհ. Ավտովթարի մեղավորին 4-10 տարի ազատազրկում է սպառնում’

11665

Անցած գիշեր Եղվարդի խճուղու վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել, թերեւս այն պատճառով, որ դրա հետեւանքով տուժածներից մեկը ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանն է: Նա ծանր վիճակում այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել համընթաց երթեւեկող «ՎԱԶ-21214» («Նիվա»-iLur.am) և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Էդգար Հակոբյանը, մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Sahmshyan.com-ի, այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է նաեւ «Նիվայի» ուղեւորներից Էդուարդ Հակոբյանը:

Թե ինչպես է տեղի ունեցել վթարը, գոնե նախնական վարկածին մեզ ծանոթանալ չհաջողվեց. ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը ի պատասխան մեր հարցման նշեց, որ վթարի պատճառների մասին կարելի կլինի խոսել միայն նշանակված փորձաքննությունների ավարտից հետո:

Այնուհանդերձ, ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վթարի մասնակից մեքենաները երթեւեկելիս են եղել համընթաց, իսկ Shamshyan.com-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ վթարի հետեւանքով վնասվել է Վարդան Պետրոսյանի վարած BMW-ի դիմացի մասը, իսկ գերբեռնված «Նիվան» (որի 6 ուղեւորներից երկուսը զոհվել են) հարված է ստացել հետեւից:

Նշենք նաեւ, որ համաձայն Քր.օր  242 հոդվածի 3-րդ կետը (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) այս ավտովթարի մեղավորի համար 4-ից 10 տարի ազատազրկում է նախատեսում: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը նոր ընտրական փուլում չի գլխավորի ազգային հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Հունվարից Հայաստանի զինված ուժերում 25 զինծառայող է մահացել’