‘Վլադիմիր Գասպարյան vs. Վովա Գասպարյան ‘

2161

Օրեր առաջ ձերբակալվել է ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան սպա Ա. Գրիգորյանը: Կոչումով` փոխգնդապետ:  Սա, բառիս բուն իմաստով,  շոկային ազդեցություն է թողել ոստիկանության ողջ համակարգի վրա: Բարձրաստիճան ոստիկանի ձերբակալությունից անմիջապես հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անհարմար վիճակից դուրս գալու համար նոր «ներկայացում» բեմադրեց: Նա համակարգին և հանրությանը փորձում է ցույց տալ, թե այս ամենը կաշառակերության դեմ պայքարի համատեքստում է,  և ինքն է ղեկավարում այդ ազնվագույն պայքարը:

Իրականում, ամեն ինչ այլ կերպ է եղել և Վլ. Գասպարյանն, ընդամենը, փորձում է «մանդրաժից» դուրս գալ:

Ilur.am-ի հավաստի աղբյուրների համաձայն, այս ամենը Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև ընթացող անթաքույց առճակատման արդյունքն է: Երկու գերատեսչությունների հարաբերությունները սրվել են այն աստիճան, որ իշխանության վերնախավի փորձրերը՝ զսպել «պատերազմը» առայժմ արդյունք չի տալիս: Ձերբակալված  ոստիականության փոխգնդապետի «կերպարը» պատահմամբ չի ընտրվել: Ա. Գրիգորյանը Վլ. Գասպարյանի մտերիմ ընկերոջ որդին է: Եվ, ի սկզբանե, խնդիր է դրված եղել ցավացնել ու ստորացնել անձամբ Վլադիմիր Գասպարյանին: Մեր տվյալներով, ձերբակալվածը, ինչպես նաև ոստիկանապետի ուրիշ մերձավոր թիմակիցներ գտնվում էին ԱԱԾ մշտական տեսադաշտում` հեռախոսազանգերի գաղտնալսում, տեղաշարժի և գործարքների հսկում և այլն: Ի դեպ, նույնը փորձում է անել ոստիկանությունը` Անվտանգության առավել ազդեցիկ ներկայացուցիչների նկատմամբ:

Ամբողջ խնդիրն այն է, որ ոստիկանության համակարգի ներսում շատերը ողջունում են ԱԱԾ գործունեությունը, քանի որ ներսից տեղյակ են, թե ինչ է կատարվում:

Երբ ոստիկանապետը հայտարարում է , թե ինքը ոչ մեկից չի վախենում և անխնա պայքարելու է կոռուպցիայի և հովանավորչության դեմ, նույն ոստիկանության ներսում շատերը քմծիծաղում են, թե՝ եթե այդպես է, թող պայքարը սկսի Ներսիկ Նազարյանից: Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Երևանի ոստիկանապետն իր լիազորությունները չարաշահելով աջակցում է որդու բիզնեսին` սուպերմարկետների ցանցին: Մասնավորապես, խոսվում է այն մասին, թե Ն. Նազարյանը սուպերմարկետների այն մատակարարներին, որոնց որդին պարտք է զգալի գումարներ,ստիպում է հրաժարվել  պարտքերից` սպառնալով «գլխներին գործ սարքել ու բռնել»:

Ա. Հովսեփյան

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Գարիկ Մանուկյան. Էս ձեր գդալը, էս ձեր բորշչը ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի թագուհին Սուրբ Ծնունդի ուղերձ է հղել 3D ձեւաչափով ‘