‘Վլադիմիր Կարապետյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի իրեն ձայն տված մարդկանց’

1828

Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախաձեռնած ընտրությունների մոնիտորինգի շրջանակներում Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը վստահված անձի կարգավիճակում երեկ կայացած քվեարկության ժամանակ գտնվել է Երեւանի 1/32 տեղամասում: iLur.am-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ «բացի մի քանի անգամ տեղի ունեցած կուտակումներից (որոնք գործնականում չխոչընդոտեցին իր` վստահված անձի պարտականությունների կատարումը)եւ միկրոավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամաս ուղեկցելուց, այլ խախտումներ տեղի չեն ունեցել»: Դրա պատճառը, նրա խոսքով, ոչ միայն ընտրատեղամասում իրականացվող վերահսկողությունն էր, այլեւ՝ ՀՀԿ-ական հանձնաժողովականների ինքնավստահությունն իրենց հաղթանակի նկատմամբ:

Ըստ Կարապետյանի, գրանցված արդյունքն էլ շատ նման էր Նոր Նորքում արձանագրվածին` ժողովրդի մեծամասնությունը մերժեց Ս. Սարգսյանին: Հատկապես, ըստ նրա, ուշագրավ էր հանձնաժողովականների զարմանքն ու հարաճուն զայրույթը, երբ մեկը մյուսի հետեւից դուրս էին գալիս Ր. Հովհաննիսյանի օգտին քվեաթերթիկները. ՀՀԿ-ականները պարբերաբար բացականչում էին, որ «տարված քրտնաջան աշխատանքը ջուրն է ընկել»: «Պատկերացրեցի, թե ինչ է լինելու,մասնավորապես հանձնաժողովի նախագահի ճակատագիրը, որին հաշվարկի ժամանակ տասից ավելի անգամ ընդհատեցին զարնգերով` պահանջելով շտապ հաղորդել, թե որքան է պարտվում Ս. Սարգսյանը»,- ասաց Կարապետյանը:

Նա հավելեց նաեւ, որ «ժողովուրդը թերեւս հոգնել է Հայաստանի միակ մարդուց, ով 20 տարի անընդմեջ իշխանության մեջ է եւ այդ ընթացքում նա առանձնապես չի զարգացել, չի աշխատել իր վրա, չի շփվել ժողովրդի հետ գոնե ասուլիսների միջոցով, չի կարող ունենալ ելույթներ առանց աչքը կտրելուց ուրիշի կողմից գրված տեքստերից»:

«Քսան տարի շարունակ զբաղեցնելով պետական կարեւորագույն պաշտոններ, 5 տարի գտնվելով նախագահական նստավայրում՝ Ս. Սարգսյանը, չնայած իր արտերկիր այցելելու հակվածությանը, չի սովորել անգլերեն, չի մաքրել իր մերձավոր շրջապատը անգրագետ Լֆիկներից, Նեմեցներից ու Մկներից, ապավինում է նրանցից ավելի անդեմ ու անսկզբունքային ՀՀԿ-ական երիտասարդ կարիերիստներին»,- նշեց Կարապետյանը:

Վերջինիս խոսքով, ընտրողներից մեկն էլ մոտենալով իրեն՝ ասել էր. «Էս Սերժը գնալով նմանվում է Բրեժնեւին: Հերիք է էլի… ինչքա՞ն պետք է էս մարդը իշխի…:

Անդրադառնալով Կոնգրեսի՝ ընտրությունները կոնկրետ տեղամասերում վերահսկելու նախաձեռնությանը, Վ. Կարապետյանը կարեւորեց այն՝ նշելով, որ հազարավոր հանձնաժողովականների հետ միասին վերահսկման այս գործընթացը հնարավորություն է ընձեռել ընտրություններին առավել լիարժեք գնահատական տալու համար:

Մեր խնդրանքով Վ. Կարապետյանը անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում կայացած ասուլիսին: Նա ընդգծեց, որ եթե նա իրեն հայտարարում է ընտրված նախագահ, առավել եւս 80/20 հարաբերակցությամբ, ապա դրան պետք է հաջորդեն քայլեր, որոնց համապատասխան ձեւով կարձագանքի ժողովուրդը: Վլադիմիր Կարապետյանը հույս հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսախաբ չի անի իրեն ձայն տված հարյուր հազարավոր մարդկանց:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Թե չէ՝ մի քիչ սիրուն չի լինի, որ ձայն տվողները նստեն տներում, իսկ մենք ինքնակոչ գնանք նրանց «քվեն պաշտպանելու»’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային նորաձևության հայկական հետքը (Ֆոտոշարք)’