‘Վլադիմիր Կարապետյանի պատասխանը ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին’

2052

Ստորեւ ներկայացնում ենք «Ա1+»-ում հրապարակված՝ Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանին: Վերջինս նշել էր, թե իբր Վլադիմիր Կարապետյանը շահարկել է, նույնիսկ ժխտել Հայոց Ցեղասպանության ճանաչման տարբեր դրսևորումները՝ իշխանություններին քննադատելու համար։

«ՀՀԿ ներկայացուցիչը հաստատել է մի քանի օր առաջ արված բոլոր դիտարկումներս

Դրանք էին.

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Ս. Սարգսյանին չի ընդունել Իտալիայի վարչապետը (երկրի իրական ղեկավարը), Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկնել է Հովհաննես Պողոս Երկրորդի՝ 2001թ. Երևանում ասված խոսքերը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, Սերժ Սարգսյանի պատվին արված ճաշկերույթի հրավերը չի ընդունել Իտալիայի և Վատիկանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա և այլն:

Ոտքի վրա արված դիտարկումներում չէի անդրադարձել Ս. Սարգսյանի՝ Իտալիա այցի մեկ այլ կարևոր հանգամանքի. քաղաքական արդյունքների առումով այն ձախողված և անպտուղ մի շրջագայություն էր, հատկապես՝ համեմատելով անցած տարի Ի.Ալիևի՝ Իտալիա այցի արդյունքների հետ:

2014թ. հուլիսին Ալիևն ու Իտալիայի վարչապետը (ով հրաժարվել էր ընդունել Ս. Սարգսյանին) ստորագրել են Հռչակագիր, որով Իտալիան երկկողմ մակարդակով հաստատում է, որ «Հայաստան-Ադրբեջան ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա» (!) (closer cooperation on a peaceful resolution of the Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict on the basis of sovereignty, territorial integrity and inviolability of borders of the Republic of Azerbaijan, in accordance with the relevant UN Security Council resolutions and OSCE documents and decisions, as well as on the basis of the ongoing negotiation process held under its aegis): https://www.ilur.am/news/view/32796.html

Այստեղ հատկանշական է ոչ միայն Իտալիայի որդեգրած նոր և ծայրաստիճան վտանգավոր դիրքրորշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, այլև այն, որ առաջին անգամ Իտալիան որակել է այն որպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն»:

ՀՀԿ ներկայացուցիչների կողմից փառաբանվող ՀՀ դիվանագիտությունը ոչ միայն չի կարողացել կանխել նման զարգացումը, այլև այսօր էլ  ի զորու չի եղել կազմակերպել հանդիպում Ս. Սարգսյանի և Իտալիայի վարչապետի միջև: Ավելին, Ս. Սարգսյանի այցելության ընթացքում չի ստորգրվել որևէ քաղաքական փաստաթուղթ, որը կհավասարակշռեր անցած տարվա Ադրբեջան-Իտալիա երկկողմ աննախադեպ ադրբեջանամետ փաստաթղթի դրույթները:

ՀՀԿ ներկայացուցչի ցածրորակ արձագանքը փորձ է քողարկել ՀՀԿ ղեկավարի հերթական այս ձախողումը: Ավելի մեծ նվեր Ադրբեջանին չէր կարող մատուցել Ս. Սարգսյանը, քան նման անատամ և առանց քաղաքական բովանդակության «պաշտոնական» այցը Իտալիա, ուր չի ստորագրվել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական որևէ փաստաթուղթ, չի դատապարտվել (անգամ անդրադարձ չի եղել) ամիսներ առաջ ընդունված իտալա-ադրբեջանական Հռչակագիրը:

Ցավում եմ, որ տեղյակ չլինելով այցի շուրջ մանրամասներին և իր ղեկավարության ձախողումներին՝ ՀՀԿ ներկայացուցիչը իրեն նետել է դիվանագիտական նրբությունների հորձանուտ: Խորհուրդ կտայի երիտասարդ ՀՀԿ-ականին ծանոթանալ իրեն ներկայացված տեքստի հետ՝ մինչև այն տարածելը»:

Վ. Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը մեկ տարի շարունակ գաղտնալսել է Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի ՊՆ. Թեհրանը C-300 ԶՀՀ կստանա մինչև 2015 թ. վերջը’