‘Վլադիմիր Կարապետյան. Առաջիկա զարգացումների սպասումով’

2226

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով «Առավոտի» լրագրողի հացին, թե արդյո՞ք հինգշաբթի օրը տեղի ունենալիք ՀՀԿ Խորհրդի նիստում հստակեցում կմտցվի սահմանադրական բարեփոխումների հարցում՝ Է. Շարմազանովը դրական պատասխան է տվել

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը պատրաստվում է հայտարարել այս հարցում իր նահանջի մասին: Նման քայլի հիմքում նախ 2014թ. հոկտեմբերի 17-ի իր խոսնակի հարցազրույցն է tert.am կայքին, ապա նոյեմբերի 10-ին Ս. Սարգսյանի մեկնաբանությունը «Արմենպրես»-ին:

Երկուսում էլ կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ առանց քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի անհնարին է ստանալ լավ Սահմանադրություն: Ավելին, Սերժ Սարգսյանը պնդում էր, որ այդ ամենը անելու է մինչև փետրվար. «Իմ մոտեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ՝ մենք այս ժամանակահատվածը, մինչև փետրվար, կօգտագործենք արդյունավետ՝ քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետև առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման, դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, և կարևորը սա է, որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրությունն է: Հարցի հետ կապված մնացած խնդիրները, կամ հարցի շուրջ պտտվող մնացած խնդիրները էական չեն և ես կարծում եմ՝ պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է աշխատել»:

Ասված է շատ հստակ ու պարզ, ժամկետն էլ արդեն տաս օր է՝ ինչ լրացել է: Քաղաքական կոնսուլտացիաների մասին որևէ բան հասարակությանը հայտնի չէ՝ այդ մասին չկա որևէ խոսք նախագահական կայքում: Թերևս, հաշտվելով ուժերի հաշվեկշռի հետ՝ Սերժ Սարգսյանը պարզապես հրաժարվել է կոնսուլտացիաներ սկսելու իր նախապես հայտնած նախաձեռնությունից: Որքան էլ անհետևողական և սեփական խոսքերը չգնահատող լինի մարդը, նման իրադարձությունների լույսի ներքո գրեթե անհնարին է, որ այս անգամ էլ Սերժ Սարգսյանը որդեգրի մեկ այլ՝ երկիրը անկանխատեսելի զարգացումների ճանապարհով տանող մարտավարություն: Ի վերջո, նա ասել է, որ «լավ Սահմանադրություն առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ունենալ», հետևաբար, այն, ինչ մինչ այսօր մշակվել է, լավը չէ և չի էլ կարող լավը լինել. այդ թերի փաստաթղթով հնարավոր չէ առաջ շարժվել և հասարակության աջակցությունը հայցել:

Այսպիսով, նրան այլ բան չի մնում, քան հայտնել իր կապիտուլիացիայի՝ Սահմանադրության փոփոխության իր նախաձեռնության ձախողման մասին:

Այս իրադարձությունը պետք է պատշաճ գնահատական ստանա. Սերժ Սարգսյանը հասկանում է միայն ճնշման լեզուն, նա ունակ չէ գնալ քաղաքական կոնսուլտացիաների, պայմանավորվածությունների, լարվածությունը մեղմելու՝ ամբողջ աշխարհում ընդունված քաղաքական գործիչների համար ընկալելի և սովորական ճանապարհով: Նա այն մարդը չէ, ով կնստի բանակցային սեղանի շուրջ և կփորձի փոխընդունելի պայմանավորվածությունների գալ, նա բանակցում է միայն ճնշելու, խաբելու, դիմացինին ստորացնելու, պայմանավորվածությունները ապագայում անտեսելու մտադրությամբ: Հարցրեք եվրոպացի պաշտոնյաներին: Նրանք լավ գիտեն, թե ինպես և ինչքան է խաբել իրենց Ս. Սարգսյանը: Բոլորս հիշում ենք նաև 2011 թ. երկխոսությունը Ս. Սարգսյանի հետ՝ ժամանակը ձգելուց հետո նա ձերբակալեց Տիգրան Առաքելյանին՝ հասկանալով, որ Կոնգրեսը չի շարունակի բանակցությունները նման պայմաններում:

Ս. Սարգսյանի նման վարքագիծը այլընտրանք չի թողնում, քան փորձել լրացուցիչ ճնշումներով՝ հանրահավաքներով, երթերով, պիկետներով և նստացույցներով հասնել Համաժողովրդական շարժման առաջ դրված պահանջներին, հատկապես հաշվի առնելով սահմանադրական գործընթացից նրա հնարավոր հրաժարվելու հետևանքով արդեն յուրայինների շրջանում իր հեղինակության աստիճանական կորուստը:

Նախորդ հոդվածը‘Կլիչկո եղբայրներին 100 միլիոն դոլար են առաջարկել միմյանց դեմ մենամարտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Օբամեյանգ. ««Բորուսիայում» ես ինձ շատ լավ եմ զգում»’