‘Վլադիմիր Կարապետյան. Առաջին հերթին՝ շեշտը պետք է դրվի միջազգայնորեն ճանաչված տերմինի՝ ցեղասպանության վրա’

3600

Ես ավելի շատ կուզեի, որ Սերժ Սարգսյանն արձագանքեր, թե ինչպես ստացվեց, որ արձանագրություններն ընդունելուց հետո կանգնեց ցեղասպանության ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում: iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն այսպես արձագանքեց Սերժ Սարգսյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե «ցեղասպանություն» և «եղեռն» բառերը մեզ համար նույնն են:

«Ոչ մի երկրում հիմա չկա ճանաչման գործընթաց, և դա շատ ավելի մեծ, կարևոր նշանակություն ունի, քան այդ բնորոշումը: Ինչ վերաբերում է եզրին, ապա ակնհայտ է, որ «ցեղասպանություն» եզրը միջազգային նշանակություն ունի: Հոմանիշը հայերենի պարագայում «եղեռնն» է, բայց այն միջազգային տերմին չէ: Եթե նայում ենք բարոյական հարթության վրա, ապա դա իսկապես նույն բանն է, բայց կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք միջազգային հանրության կողմից ցեղասպանությունը ճանաչելու մասին, այդ թվում՝ ցեղասպանությունը չկրկնվելու նկատառումներից ելնելով, ապա այստեղ, առաջին հերթին, շեշտը պետք է դրվի միջազգայնորեն ճանաչված տերմինի՝ ցեղասպանության վրա»,- նկատեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ եթե արտաքին քաղաքականության օրակարգում ունենք ցեղասպանության ճանաչման հարց, ապա խոսքը Եղեռնի ճանաչման մասին չէ, այլ ցեղասպանության, և որևէ կարիք չկա «գենոցիդ» բառը փոխարինել հայերեն հոմանիշով:

Նախորդ հոդվածը‘Մեսին հրաժարվել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրում 250 մլն եվրո փոխհատուցման կետ ներառել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպ. Վրաստանի և Ռուսաստանի աստիճանական մերձեցումը դրական գործընթաց է’