‘Վլադիմիր Կարապետյան. Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու հարցը հանված է օրակարգից ‘

1222

iLur.am-ի հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը

-Պարոն Կարապետյան, ՀՀ իշխանությունները պնդում  են, թե պատրաստ են և ցանկանում են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ)՝ առանց Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման դրույթների: Արդյո՞ք ԵՄ-ն կգնա նման քայլի՝ վերաբանակցելով ԱՀ՝ մեզ համար ընդունելի դրույթների շուրջ:

-Իշխանությունները հերթական սուտն են հրամցնում հանրությանը: Նախ, ԱՀ բանակցությունների ավարտի մասին կողմերը հայտարարել են դեռևս հուլիսին, այսինքն՝ փաստաթուղթը համաձայնեցված է, բանակցություններն՝ ավարտված, կողմեր էլ՝ քաջատեղյակ, որ առանց ԽՀԱԱԳ-ի՝ Ասոցացման համաձայնագիրը հնարավոր չէ ստորագրել: Վերջինս, իր հերթին, պարունակում է այնպիսի դրույթներ, որ այս անողնաշար իշխանությունները երբեք չեն համաձայնի ստորգրել: Մասնավորապես՝ կա կետ, որ Հայաստանը միանալու է ԵՄ բոլոր հայտարարություններին՝ միջազգային զանազան իրադարձությունների վերաբերյալ: Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը, բնականաբար, կարող էր ունենալ վերապահումներ ԵՄ որոշ հայտարարությունների, դիրքորոշումների կապակցությամբ (օրինակ, եթե նրանում կա քննադատություն ՀԱՊԿ մեկ այլ անդամի հասցեին): Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միության նկատմամբ անսպասելի արթնացած սիրո լույսի ներքո հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել ԱՀ՝ բացահայտ փորձ է՝ մոլորեցնելու հանրությանը եւ տպավորություն ստեղծելու, իբրև թե գործընթացը դեռ շարունակվում է: Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցը հանված է օրակարգից: Անորոշ ապագայում կարող է խոսք լինել միայն լրիվ նոր եւ լուրջ հեռանկարներ չունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու մասին, սակայն ես կասկածում եմ, թե ԵՄ-ն կցանկանա խոսել պայմանավորվածություններից ետ կանգնող Ս. Սարգսյանի հետ: Քանի դեռ Ս. Սարգյսանը իշխանություն ունի Հայաստանում՝ ԵՄ-ն լուրջ համագործակցություն չի ծավալի ՀՀ-ի հետ: Ինձ համար դա միանշանակ է:

-Բայց իշխանությունները և նրանց սատարող որոշ գործիչներ պնդում են, թե,  այնուամենայնիվ, հնարավոր է վերաբանակցել ԱՀ-ն և ստորագրել այն Վիլնյուսում:

-Զարմանքով տեղեկացա, որ որոշ արևմետամետ համարում ունեցող նախկին ընդդիմադիրներ օրերս անցկացված կլոր սեղանին ձայնակցում էին Հայաստանից եվրոպական ապագան գողացած ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Այդ մարդիկ գիտեն, որ ԵՄ-ն ոչ մի պարագայում չի կարող մի քանի ամսվա մեջ վերաբանակցել ԱՀ՝ մի փաստաթուղթ, որի շուրջ Հայաստանի հետ բանակցվել է 3,5 տարի: Նրանք գիտեն, որ ԵՄ-ն, բնականաբար, կորցրել է վստահությունը ՀՀ իշխանությունների նկատմամբ, սակայն այդ մարդիկ դեռ չեն կորցրել: Նրանք նստել են սեղանի շուրջ ու լուրջ քննարկում են  մեկի հետ, ով ասում է, որ ՄՄ-ին անդամակցելու հրավերը ստացվել է մայիսից ուշ, այն պարագայում, երբ իշխանության ողջ վերնախավը պնդում էր, որ ՄՄ-ին անդամակցության բանակցությունները ընթանում էին երկար ամիսներ ու տարիներ: Բացի այդ, նախկին ընդդիմադիրներից, կարծում եմ՝ ՀՀԿ-ի իրարամեժ, հակասական հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունում:

Չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանին մեկը սպասում է Վիլնյուսում, առհասարակ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձն ու եվրոպական գաղափարին դավաճանելը դեռ երկար ժամանակ խիստ բացասաբար է ընդունվելու եվրոպական բոլոր ատյաններում: Հանրության նպատակը պետք է լինի, որ միջազգային հանրությունը կապի այս պատմական ձախողումը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հետ, ոչ թե հայ ժողովրդի:

Նախորդ հոդվածը‘Խուդոյանի գործ. Մեղադրող դատախազն ամեն ինչ անում է, որ դատարանում չհնչի Ղևոնդ Ղալումյանի անունը’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2020. Հայաստանը 32 թեկնածու-երկրների թվում է’