‘Վլադիմիր Կարապետյան. Երիտհանրապետականներն ու Մաքսային Միությունը’

1598

Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին կատարած նվաստացուցիչ, խայտառակ որոշման հետևանքներից է նաև հանրապետականների զանգվածային հեղինակազրկումը:

Մինչև սեպտեմբեր բոլոր (!) ՀՀԿ-ականները եվրոպական Հայաստանի միաբերան, միանշանակ կողմնակիցներ էին, փառաբանում էին ԵՄ-ի հետ ստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը, հավաստիացնում, որ դրա ստորագրմանը որևէ բան չի խանգարելու:

Հիմա այդ նույն մարդիկ կրքոտ պաշտպանում են Հայաստանի մուտքը Մաքսային միություն (ՄՄ): Սա այն դեպքում, որ եվրոպական ուղին գովերգող ՀՀԿ ներկայացուցիչներից որևէ մեկը մինչ այդ հանդես չի եկել ՄՄ-ին Հայաստանի միանալու օգտին:

Քաղաքականության մեջ այդպես չի լինում, որ մեկ օրում դիրքորոշում փոխես ու դրա համար չվճարես: Ս. Սարգսյանի որոշման համար վճարում է Հայաստանը. մենք զրկվեցինք հարյուրավոր միլիոն եվրոյի հասնող ներդրումներից, եվրոպական չափանիշներով մեր քաղաքական, տնտեսական, պետաիրավական համակարգերը կազմակերպելու հեռանկարից, երկրի բնականոն զարգացման տեսլականից: Նախարարություններում աշխատող պետծառայողներն էլ հատուկ վերաբերմունք պետք է ունենան Ս. Սարգսյանի նկատմամբ. իրենց աշխատավարձի` իր իսկ կողմից խոստացած ավելի քան կրկնակի բարձրացումն էլ խափանվեց սեպտեմբերի 3-ին: Մեկ օրվա մեջ Սերժ Սարգսյանը` առանց դրա էլ բաժանված տարածաշրջանը գցեց մի զավեշտալի դրության մեջ, ըստ որի` երեք երկրներն ունեն զարգացման տարբեր վեկտորներ: Սերժ Սարգսյանը խաբել է եվրոպացիներին, և դրա գինը զգալու ենք բոլորս` բավականին երկար ժամանակ (թող որևէ մեկը պատրանք չունենա. Ֆրանսիա այցելության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամիսներ առաջ, և Ֆրանսիայի նախագահը պարզապես մեծ ծառայություն մատուցեց Ս. Սարգսյանին` դա չեղյալ չհամարելով):

Իսկ ի՞նչ են ասում երիտհանրապետականները, ինչպե՞ս են հիմնավորում իրենց դիրքորոշման փոփոխությունը` ի նպաստ ՄՄ-ի: Հատուկ հարգանքի են արժանի հատկապես Արևմտյան ճանաչված հաստատություններում կրթություն ստացածները, որոնք հիմա գովաբանում են Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը: Դավանելով եվրոպական արժեքներ, հոգու խորքում երևի միշտ երազել են ընդօրինակել բելառուսական քաղաքական ստանդարտներն ու ավանդույթները: Չկա որևէ կասկած. եթե նմանների ձեռքն ընկնի իրական իշխանություն` իրենց դրսևորելու են որպես  Բատկայի գաղափարական ժառանգության արժանի հետևորդներ: 

Երկրի իմունիտետի թուլացման գործում, հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները գովաբանելու մեջ մասնագիտացած, օֆշորային սկանդալները չտեսնելու տալու հմտությամբ` հիմա էլ նրանք զուգահեռ ասում են, որ կողմ են ԵՄ-ի հետ հնարավորինս սերտ համագործակցությանը: Թվում է, թե ճիշտ բան է ասվում, սակայն իրականում սա ժողովրդին մոլորեցնելու փորձ է, որովհետև հատուկ լռեցվում է, որ այդ «հնարավորինս»-ն այլևս բաց է թողնված, և ԵՄ-ի հետ համագործակցության առումով մենք նույն կամ ավելի ցածր մակարդակում ենք, քան Հյուսիսային Աֆրիկայի (Մաղրիբի) երկրները: Վերջիններս նույնպես ներգրավված են ԵՄ Հարևանության ծրագրում, սակայն, բնականաբար` առանց եվրոպական հեռանկարների: Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, եթե բանակցված, համաձայնեցված Ասոցացման համաձայնագիրն այլևս աղբանոց է նետվել: ԵՄ-ի հետ համագործակցության առումով մենք Ադրբեջանից էլ ենք ետ մնացել. եթե վերջինս բանակցությունների վերջին փուլում դադար է վերցրել և կարող է շարունակել ցանկացած պահի, ապա մենք այլևս ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ սեղանի վրա չունենք: Եվ այս խայտառակ տապալման լույսի ներքո ասպարեզ են դուրս գալիս երիտհանրապետականները ու խոսում «հնարավորինս խորը համագործակցության»  ու «եվրոպական արժեքներ դավանելու» մասին: Նրանց ընկալմամբ` եվրոպական արժեք նշանակում է` ԵՄ-ի հետ տարիներ շարունակ բանակցել Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) վերաբերյալ ու զուգահեռ՝ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, փաստորեն, գաղտնի հանձնաժողովով՝ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ընդ որում, հստակ պատկերացնելով, որ այդ երկուսի տնտեսական և մաքսային մոդելներն անհամատեղելի են: Որևէ եվրոպացի այդ զուգահեռ բանակցությունների մասին չգիտեր: Միայն կարելի է պատկերացնել վերջիններիս զգացմունքները, երբ նրանք մեր հանրապետականներից եվրոպական արժեքները կիսելու մասին խոսքեր են լսում:

Ծանոթ լինելով երիտհանրապետականների աներեսությանը, արժանապատվության իսպառ բացակայությանը, կարող եմ կանխատեսել, որ այդ` իրենց համար անշառ ու ժողովրդին մոլորեցնող սկավառակը՝ «մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ», «մենք դավանում ենք եվրոպական արժեքներ», դեռ երկար է մաշեցվելու երիտհանրապետականների շուրթերով: Հենց այդ պատճառով հասարակությունը ոչ մի դեպքում չպետք է հանդուրժի նման երկերեսանի դրսևորումները` կանխելով գլխներիս նոր փորձանք բերելու նրանց փորձերը: 

Վլադիմիր Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների

 հանձնաժողովի նախագահ

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն Օբամային հիշեցրել է «ստրկական անցյալը»’
Հաջորդ հոդվածը‘Նունե Եսայան. Հերիք է գումարների մասին խոսեն’