‘Վլադիմիր Կարապետյան. Ինչպես անցան ընտրությունները. վերաիմաստավորվելիք դասեր’

2226

Անցած ընտրական շրջանի համակողմանի վերլուծությունները դեռ առջեւում են, եւ վստահ եմ, կլինի հնարավորություն ավելի խորը անդրադառնալ այն խնդիրներին, որոնք բացահայտվեցին այս ընտրափուլի ընթացքում:

Կփորձեմ սեփական փորձի եւ Նոր Նորքում նախընտրական քարոզչությունը իրականացնող Հայ Ազգային Կոնգրեսի թիմի արված դիտարկումների հիման վրա մի քանի արձանագրություն անել անցած ընտրությունների վերաբերյալ:

Իրենց վերարտադրությունը ապահովելու համար իշխանությունները իրականացրեցին օրինական եւ գերազանցապես ապօրինի գործողությունների մի համալիր, որի մի քանի տարրերին կանդրադառնամ այս հոդվածում.

1. Ընտրությունների ներկայացումը որպես շարքային մի միջոցառում, ուր մոբիլիզացվում եւառանցքային դեր է տրվում թաղային խուժանին եւ ընկեր/բարեկամներին

Հարկ է խոստովանել, որ իշխանություններին հաջողվել է վերջին երեք ընտրությունների ընթացքում նվազեցնել քաղաքական բաղադրիչը եւ բնակչության շրջանում իրականացնել ապաքաղաքական քարոզչություն, որի հիմքում անձնական շահագրգռվածությունն է, թաղային շահերը, ընկերական հարաբերությունները: Հատկապես ցայտուն այդ ոճը դրսեւորվեց Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, բավականին հետեւողականորեն այն գործածվեց նաեւ ԱԺ եւ նվազ ակտիվ` նախագահական ընտրությունների ընթացքում:

2. Անհատական աշխատանք բնակչության հետ, հնարավորության դեպքում բնակչության համատարած կաշառում

Ունենալով քաղաքական այլ ուժերի հետ անհամեմատելի ռեսուրսներ, իշխանությունները, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, կարողացան կապ հաստատել բնակչության մեծամասնության հետ, օգտագործելով բոլոր լծակները: Կարիքավորների հետ փորձում էին պարզել ամենացավոտ եւ ամենաարդիական խնդիրները` համապատասխան ռեսուրսներ ուղղելով դրանց լուծման ուղղությամբ, «կախվածություն ունեցողների» (պետական բյուջեի հաշվին ապրողներ, օլիգարխների օբյեկտներում աշխատողներ, ուսուցիչներ,  մասամբ` թոշակառուներ) շրջանում աշխատանքը կրում էր առավել համարձակ եւ անթաքույց բնույթ` այդ խավը պետք է ապահովեր նաեւ մերձավորների ու բարեկամների ձայները:

3. «Մարգինալների» ռեսուրսի օգտագործում

Իսկ ամենամեծ ռեսուրսը, որ օգտագործեց իշխանությունը` դա անտարբերներն են, բնակչության այն խավը, որը երբեք չի գնացել ընտրությունների, չունի հետաքրքրվածություն քաղաքական գործընթացներով եւ անտեսում է քաղաքական որեւէ միջոցառում: Բոլոր երկրներում այդ խավը կազմում է ընտրողների 25-35 տոկոսը: Դա այնպիսի մարդիկ են, որոնց միայն շատ «ծանրակշիռ» արգումենտ է պետք, որ գնան ընտրությունների: Քաղաքակիրթ աշխարհի որեւէ երկրում այդ մարդիկ չեն մասնակցում ընտրությունների, սակայն մեզ մոտ այդ «արգումնենտը»` ընտրակաշառքը կամ հարկադրանքը աշխատեց եւ ընտրությանը մասնակցեցին անտարբերները, չքավորության մեջ ապրողները, անգրագետները, նրանք, ով երբեք չի հետեւում քաղաքական գործընթացին, հետեւաբար` քարոզչությանը, քաղաքական դեմքերի հեռուստահարցազրույցներին, չունեն եւ չեն էլ ուզում կամ չեն կարող ունենալ ինտերնետ (պայմանականորեն այս հոդվածում այդ խավը կանվանեմ «մարգինալներ»): Մարգինալներին գումարվում է այն խավը, որը ի վիճակի չէ ինքնուրույն գնալ ընտրության կամ կատարել ընտրություն` ծանր հիվանդները, մեծահասակները, մտավոր թերզարգացածները (պայմանականորեն` «մեծահասակներ»): ԱԺ եւ Երեւանի Ավագանու ընտրություններին «մարգինալների» եւ «մեծահասակների» գրե թե 90 տոկոսին բերեցին եւ ստիպեցին «քվեարկել» ՀՀԿ օգտին: Քանի որ նախագահական ընտրությունների համար ընտրակաշառքի նպատակով նախատեսված փողերը մեկ կենտրոնից չէին հատկացվել եւ «հարցի կարգավորումը» թողնվել էր ՀՀԿ տեղական շտաբերի հայեցողությանը, ապա «մարգինալներն» ու «մեծահասակները» չեն մասնակցել ընտրություններին, ինչով եւ պայմանավորված է ԱԺ ընտրությունների համեմատ զգալիորեն ավելի ցածր ընտրողների մասնակցություն: ՀՀԿ տեղական շտաբներն էլ իրենց աշխատանքի շեշտը դրել էին «կարիքավորների» ու «կախվածություն ունեցողների» հետ աշխատանքի վրա, հատկապես, որ այդ խավերը առանց ընտրակաշառքի էլ կգնան եւ կընտրեն ում որ պետք է:

Այս` մինչ այդ անտեսված ռեսուրսի կիրառումը ԱԺ եւ Երեւանի Ավագանու ընտրություններին մեծ առավելություն տվեց իշխանությանը, որը չկանգնեց եւ որեւէ բարոյական խոչընդոտի առաջ` ընտրությունների ողջ օրվա ընթացքում ստիպելով, կաշառելով, հորդորելով, ուղեկցելով, ուղղորդելով մարդկաց ուղղակի բերեց-հասցրեց ընտրատեղամաս: Բնականաբար նման մարդիկ ընտրություն չեն կատարել, նրանք կատարել են հրահանգը:

«Մարգինալների» եւ «մեծահասակների» ռեսուրսի այս կերպ օգտագործումը  առաջին անգամ տեղի ունեցավ 2012 թ. Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Հրազդանում ես, որպես Ս. Միքայելյանի վստահված անձ, ականատեսը դարձա, թե ինչպես իշխանությունները եւ դրանց սպասարկող թաղային խուժանը, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահմամբ եւ ոստիկանության հետ համատեղ, կաշառելով եւ ստիպելով ընտրատեղամաս բերեցին Հրազդանի գրե թե ողջ բնակչությանը: Այդ աննախադեպ ակտիվության շնորհիվ, իմ տեղամասում, ինչպես նաեւ ընտրատեղամասերի գերակշռող մեծամասնությունում, գրանցվել է ընտրություններին մասնակցության ռեկորդային ցուցանիշ: Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր վստահված անձինք միաբերան հաստատում էին, որ երբեք չեն տեսել այդքան կույր, համր, ծերունի, ծանր հիվանդ եւ մտավոր հետամնաց, որքան այս ընտրություններին: Ամեն տեղամասում դրանք կազմում էին մասնակիցների 10-13 տոկոսը: Դրանց գումարած` «մարգինալները» Ակնհայտ է, որ այդ խավերը գնացել են ընտրությունների միայն ընտրակաշառքով: Տեսնելով, որ ունեն հնարավորություն ընտրություններին սովորաբար չգնացող մարդկանց բերելու ընտրատեղամասեր, իշխանությունները լավագույնս «պատրաստվեցին» նույն ոճով աշխատելու նախ ԱԺ, ապա` Երեւանի Ավագանու ընտրությունների ընթացքում, կարողանալով մոբիլիզացնել մարդկային ողջ ռեսուրսը` ապահովելով 20-23 տոկոսի առավելություն: Այստեղ հարկ է նաեւ նշել, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այդ մոբիլիզացման` այսինքն ընտրատեղամաս ուղեկցելու խնդիրը գերազանցապես դրված էր ոչ այդքան այսպես կոչված «հեղանակությունների» վրա, որքան ավելի ցածր` թաղային խուժանի, հասարակության ամենաներգեւի մակարդակի վրա գտնվող անձանց վրա: «Կախվածություն» ունեցողների ու «կարիքավորները» հետ միասին ՀՀԿ-ն այդ երկու ընտրություններում ապահովեց ավելի մեծ առավելություն: Բնականաբար, ազատ եւ արդար ընտրությունների մասին այստեղ խոսք գնալ չի կարող:

4. Ընտրատեղամասերում ՀՀԿ հանձնաժողովի անդամների, վստահված անձի, եւ մի քանի «դիտորդների» սերտ համագործակցություն

Ընտրատեղամասերում ՀՀԿ-ն օգտագործեց իր հովանու ներքո գտնվող «դիտորդական» առաքելություն իրականացնող տեղական ՀԿ-ները, որոնց կազմում գրանցվեցին համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, թաղային պատասխանատուներ: Այդ անձինք սերտորեն համագործակցել են դրսում խմբված խուժանի եւ, հաճախ` ոստիկանության հետ, կազմակերպելով «մարգինալների» եւ «մեծահասակների» տեղափոխումը ընտրատեղամասեր: Իշխանության օգտին աշխատող այդ «խմբավորումները» հարկ եղած դեպքում ճնշում էին գործադրում ընտրատեղամասի հանձնաժողովի ոչ իշխանական անդամների վրա, ձեւավորելով համապատասխան մթնոլորտ ընտրությունների ողջ օրվա ընթացքում:

Հարց է առաջանում, բա որտեղի՞ց մնացած ձայները:

Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ  է` օգտագործվել են բոլոր լծակներն ու հնարավորությունները` օրինական եւ ապօրինի: 

—         պայմանական օրինականների թվում է ընկերական, բարեկամական կապերի/ցանցի օգտագործումը: Հայտնի է, որ Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ՀՀԿ-ն ունի պատասխանատու ընտրական շտաբեր: Դրանց կազմում կան ամեն շենքի, նույնիսկ` մուտքի պատասխանատուներ: Նրանք բոլորը ապրելով տվյալ շենքում/բակում` երկու, երբեմն երեք ամիս ժամանակ ունեն նույնականացնելու շենքի/թաղի բոլոր բնակիչներին: Տեղեկատվության հավաքման ընթացքում, նրանք, վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործմամբ, ակտիվորեն օգտվում են ոչ միայն համայնքատիրությունների (հաճախ շենքի պատասխանատուները դրանց կազմից են) տեղեկություններից, այլեւ ոստիկանության: Այսինքն, ՀՀԿ շտաբը շատ կարճ ժամկետներում տիրապետում են ճշգրիտ տեղեկատվության բոլոր բնակիչներին հուզող կենցաղային խնդիրների, ինչպես նաեւ քաղաքական նախասիրություընների վերաբերյալ: Այնուհետեւ սկսվում է աշխատանքը/շփումը բնակիչների հետ, ընդ որում երբ պարզվում է, որ որեւէ բնակիչ ակնհայտ ընդդիմադիր հայացքներ ունի (շատերը ուղղակի թաքցնում եմ իրենց քաղաքական կողմնորոշումը)` նրան մոտ էլ չեն գնում: Ամենաարդյունավետ եւ դյուրին «քարոզչությունը» իրականացվում է կարիք ունեցողների հետ: Նրանց համոզելու խնդիր էլ չկա, նրանք միշտ մասնակցում են ընտրությունների եւ քվեարկում ում որ պետքն է: Մնում է միայն լուծել նրանց հարցերը, ինչը որեւէ դժվարություն չի ներկայացնում. «հասկացող կոնտինգենտ» է` այսօր կա հնարավորություն` խաղադրույքը հասնում է մինչեւ 20000 դրամ, վաղը դժվարություններ կան` կբավարարվեն նաեւ 5000 դրամով: «Կարիքավորները» եւ «կախվածություն ունեցողները» ապահովում են ՀՀԿ երաշխավորված ձայների չափաբաժինը:

—         Բացահայտ ապօրինի գործողությունների գործիքակազմը բավականին հարուստ է: Թվարկենք միայն մի քանիսը.

ա. ԱԺ ընտրությունների ժամանակ իրականացվեց այսպես ասած «զինվորական գործողություն», երբ օգտվելով «հակառակորդի» վստահված անձանց անպատրաստ լինելուց վաղ առավոտվանից «հարձակում» իրականացվեց ընտրատեղամասերի վրա: Մինչեւ վստահված անձինք ուշքի եկան եւ սկսեցին ստուգել ընտրողների անձնագրերը, գործը արված էր` առավոտյան ժամը 11-ի դրությամբ ընտրությունները գրանցել էին ռեկորդային մասնակցություն. օգտվելով ընտարցուցակների ուռճացաման հանգամանքից եւ անձնագրերում դրվող կնիքի անհետանալու փաստից, ՀՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող խուժանը իրականացրել էր մասսայական քվեարկություն այլ անուններով:  

բ. ՀՀԿ-ականները չեն խորշել ավանդական ընտրակեղծիք հանդիսացող «կարուսելի» կիրառումից: Հարյուրավոր ընտրատեղամասերում գրանցվել է քվեաթերթիկի անհետացման փաստը, ինչը հիմնականում կարելի է համարել որպես վկայություն, որ արվել է «կարուսել»:

գ. Այն ընտրատեղամասերում, որտեղ վստահված անձինք չեն կարողացել իրականացնել իրենց գործառույթները պատշաճ մակարդակով, ՀՀԿ ներկայացուցիչները պարզապես անտեսել են քվեարկության իրական արդյունքները, եւ այլ կուսակցության օգտին քվեաթերթիկները պարզապես հաշվել են որպես ՀՀԿ քվեաթերթիկներ: Այս աղաղակող ընտրախախտումը հատկապես հաճախ է գործածվել նախագահական ընտրությունների ընթացքում:

Ամփոփում

Հասկանալի է, որ նման պայմաններում խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին ավելորդ է: Այդ խավերը` մարգինալները, ծայրահեղ աղքատները, կախվածները քաղաքական ընտրություն չեն կատարում, նրանք չեն հետեւում ընտրական քարոզչությանը, նրանց կողմնորոշման վրա հնարավոր չի ազդել նույնիսկ եթե ընդդիմությունը ամեն օր հանդես գա ուղիղ եթերով, ամենուր բաժանի քարոզչանյութեր կամ ներկայանա բազմաթիվ քարոզչապաստառներով: Այսպիսով ՀՀԿ-ն վերացրեց ընտրությունների քաղաքական բաղադրիչը. ՀՀԿ ֆունկցիոներների համար այլեւս անհրաժեշտություն չկա տարիներով վաստակել քաղաքական վարկանիշ, ունենալ ազնիվ եւ անխոցելի անցյալ, լինել նվիրված եւ հայրենասեր: Դու կարող ես լինել փողոցի ամենաանգրագետ խավի ներկայացուցիչ, կիսագրագետ չինովնիկ, կոռումպացված պաշտոնյա, եւ… դու կարող ես «հաղթել»: Կամ դու կարող ես չմասնակցել ընտրարշավին, չունենալ եւ ոչ մի ելույթ, հրապարակային հանդիպում, բանավեճ եւ նշանակվես վարչապետ կամ նախարար: Հիշենք, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավը իրականացրեց մենակ Սերժ Սարգսյանը, այսօր պաշտոններին բազմաց որեւէ ՀՀԿ-ական ոչ խնդրել, ոչ էլ «ստացել է» վստահության քվե: Այսինքն ՀՀԿ անվանմամբ քաղաքական թիմ չկա, կա միայն պաշտոնների շուրջ համախմբված մարդկանց խումբ, որը չունի որեւէ պատասխանատվություն Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ:

Հաջորդ հոդվածում կներկայացվի այս իրավիճակից դուրս գալու վերաբերյալ որոշ նկատառումներ, ինչպե նաեւ իշխանության կողմից պարտադրված խաղը հաղթական ավարտին հասցնելու որոշ առաջարկություններ:

Վլադիմիր Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Ուբեկստանցուն Մոկվայում բերման են ենթարկել ստրկավաճառության մեղադրանքով’
Հաջորդ հոդվածը‘Ահմադինեժադի ուղղաթիռը հարկադրական վայրէջք է կատարել’