‘Վլադիմիր Կարապետյան. Մեր վարած քաղաքականությամբ թույլ ենք տվել, որ Ադրբեջանն ավելի կոշտ դիրքերից հանդես գա’

941

Մենք մեր վարած քաղաքականությամբ, Հայաստանը թուլացնելով, այն դարձնելով ավելի խոցելի՝ թույլ ենք տվել, որ Ադրբեջանն ավելի կոշտ դիրքերից հանդես գա,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:

«Այդ առումով՝ այն վտանգները, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում թվարկում է, միայն ավելացել են: Ճիշտ է, մի ձեռքով ծափ չես կարող տալ, բայց այդ տրամաբանությամբ՝ միայն Ադրբեջանը չի մեղավոր, բանակցությունները տապալված են, թեև Ադրբեջանի մեղքը զգալիորեն ավելի շատ է, բայց մենք մեր վարած քաղաքականությամբ, Հայաստանը թուլացնելով, այն դարձնելով ավելի խոցելի՝ թույլ ենք տվել, որ Ադրբեջանն ավելի կոշտ դիրքերից հանդես գա»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ չտեսավ, թե ինչ պատասխանատվություն է իր և ղեկավարության վրա  վերցրել Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով,  պետք է ասվեր, որ վերջին մեկ տարվա ընթացքում չի եղել բարձր մակարդակում հանդիպում, այսինքն՝ բանակցությունները տապալված են, չկան բանակցություններ, խնդրի կարգավորումն ընդհատված է:

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ դրանք ներկայացնում է որպես «օգտակար», քանի որ «մեր բոլոր գործընկերները հասկացան, թե ում հետ գործ ունենք, մյուս կողմից էլ՝ թե մենք ինչպիսի պետություն ենք, ինչպիսի իշխանություններ ենք, ինչպիսի վճռականություն ունենք և ինչ նպատակներ ունենք»: Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ՝ հայ-թուրքական «ցյուրիխյան» արձանագրությունները զրոյական մակարդակի հասցրին երկկողմ  հարաբերությունները:

«Եթե իսկապես նա հավատում է, որ ունենալով նման արձանագրություններ, որոնց համաձայն՝ պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով, և այդ արձանագրությունները կօգնեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը կամ ստեղծմանը, ապա ես համարում եմ, որ դա սխալ մոտեցում է»,- ասաց Կարապետյանը:

Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծում ենթադրող արձանագրությունների վտանգն առկա է նաև առաջիկա տարիների ընթացքում, որովհետև ցանկացած նոր իշխանության շատ դժվար կլինի ժառանգել նման փաստաթուղթ և դրա հիման վրա պատմաբանների հանձնաժողովում միասին կարգավորել հարաբերությունները:

«Ես համարում եմ, որ երկկողմ հարաբերությունների հիմնադրման հեռանկարը մեծապես վտանգվել է»,- նշեց Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստները՝ մեկ հյուրանոցում’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը’