‘Վլադիմիր Կարապետյան. Ուկրաինական դասերը’

2288

Այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում Ուկրաինան է: Մարտիմեկյան թոհուբոհով անցած յուրաքանչյուր մարդ առավել քան ուշադիր է հետևում Կիևում ընթացող զարգացումներին, համեմատում դրանք երևանյան իրադարձությունների հետ՝ անցյալի և ներկայի: Առավել ուշադրությամբ հետևում են իշխանությունները, մարտի մեկի սպանդը կազմակերպած ներկա ու նախկին չինովնիկները:

Ուկրաինայի դասերը դեռ ուսումնասիրվում են, գնահատականներ, երբեմն շատ տարբեր, դեռ կլինեն, բայց շատ բան է կախված վերջնական արդյունքից, և վստահաբար` դրա մասին շատերը կխոսեն:

Ցանկանում եմ անդրադառնալ մի ճակատագրական իրադարձության, որը, կարծես, չլուսաբանվեց պատշաճ խորությամբ:

Իմ գնահատմամբ, ուկրաինական ընդդիմության և 2008թ. Ազատության հրապարակի դիմակայության հանգուցալուծման տարբերությունն Արտակարգ դրություն մտցնելու իշխանության կարողության մեջ է: Ինչպես Ուկրաինայում, Երևանում ևս ուժային գործողությունները (առավոտյան) միայն ավելացրին բողոքի դուրս եկածների թե՛ թիվը, թե՛ վճռականությունը: Կիևի նման` մեր ժողովուրդը չէր հանգստանա և կշարունակեր պայքարը, եթե չլինեին իրավապահների կրակոցները, սպանությունները և արտակարգ դրությունը:

Երևանյան իրադարձությունների մասով գնահատականները վաղուց տրված են, սակայն հանգուցալուծում դեռ չկա. սա կլինի միայն բոլոր մեղավորներին արդար պատիժ սահմանելու դեպքում:

Ուկրաինայում նույնպես հանգուցալուծում դեռ չկա, բայց վիճակն այլ է: Ի՞նչ տեղի ունեցավ Ուկրաինայում, որը ճակատագրական նշանակություն ունեցավ ճգնաժամի զարգացման գործում:

Բռնության գործադրումից հետո ժողովրդի պատասխանը ստանալուն պես` Ուկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչը հասկացավ, որ ընդդիմությունը դուրս եկավ պատային վիճակից, և հոգեբանական առավելությունն այլևս իր հակառակորդների մոտ է: Վիճակը շտկելու միակ հնարավորությունը՝ Հայաստանի օրինակով արտակարգ դրություն մտցնելն էր: Հենց այստեղ տեղի ունեցան զարմանալի զարգացումներ, որոնք, կարծես, կողմնորոշում են հակամարտության հետագա ընթացքը. Յանուկովիչը չկարողացավ մտցնել արտակարգ դրություն, քանի որ իր խմբակցության 78 պատգամավոր դեմ հանդես եկավ արտակարգ դրություն հայտարարելու` իրենց իսկ նախագահի նախաձեռնությանը:

Ուկրաինայի մեծահարուստներ Ռինատ Ախմետովն ու Սերհիյ Տիհիպկոն երկար տարիներ եղել են իշխանական դաշտում: Նրանք և նրանց պատգամավորական խմբերը նույնիսկ իշխող Ռեգիոնների կուսակցության մաս են և բոլոր հարցերում աջակցել են երկրի գործող նախագահին: Սակայն, Ուկրաինայի համար ամենավճռական պահին նրանք կայացրին ամենադժվար, բայց, ցանկանում եմ հավատալ, ամենակարևոր ու պատվաբեր որոշումը: Հունվարի 28-ին, երբ Վ. Յանուկովիչը հանդիպեց իրեն աջակցող Ռեգիոնների կուսակցության համանուն խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու ուժային տարբերակի կիրառումը, Ռ. Ախմետովին և Ս. Տիհիպկոյին սատարող 78 պատգամավորներն ընդվզեցին և տապալեցին ուժային սցենարի գործարկումը Կիևում:

Պատրանքներ չունեմ, թե Ախմետովն ու Տիհիպկոն նույնկերպ կվարվեին ընդդիմության այլ նախաձեռնությունների կապակցությամբ. ի վերջո, այդ գործարարները մշտապես սատարել են իշխանությանը և աշխատել նրա հետ: Հենց ժողովրդի վճռականությունն ու հրապարակում հետևողական պայքարն ապահովեցին Ուկրաինայի օլիգարխների, փաստորեն, աջակցությունը բարիկադների վրա գտնվողներին: Ակնհայտ է. եթե իշխանական բուրգի մեջ ճաքեր չառաջանային, եթե Ուկրաինայի բուրժուազիան, իր իսկ շահերից ելնելով, չկանգներ ժողովրդի կողքին, ապա արտակարգ դրության միջոցով Ուկրաինայի իշխանության մի քանի տաքգլուխներ անդառնալի վնասներ կհասցնեին պետությանն ու պետականությանը:

Իմ խորին համոզմամբ, ժողովրդի հետ միասին` հենց ուկրաինական բուրժուազիայի առաջատար դեմքեր Ախմետովն ու Տիհիպկոն կատարեցին մի քայլ, որից հետո այսօր արդեն ԵՄ բանագնաց, Լեհաստանի նախկին նախագահ Ա.Կվասնևսկին խոսեց իշխանության առաջիկա փլուզման մասին: Նա հատուկ ընդգծեց մեծահարուստ գործարարների քայլը, որին հաջորդեցին պետական այլ ինստիտուտներում սկիզբ առած անհնազանդության գործընթացները: Այս պայմաններում` Ուկրաինայի նախագահի իշխանություն կորցնելը, կարծում եմ, ժամանակի հարց է: Հայաստանցիներիս համար էլ` ևս մեկ դաս, որը, ըստ իս, չի կարելի անտեսել:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակով’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ն այս անգամ բարի է գտնվել՝ թույլ տալով պահպանել որոշ ապրանքների նախկին մաքսատուրքը ‘