‘Վլադիմիր Կարապետյան. Պետք է ձերբակալվի բարձրաստիճան ոստիկան Աշոտ Կարապետյանը’

1934

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս երկու նոր որոշում է հրապարակել Հայաստանի մասով. երկու դեպքում էլ որոշումները եղել են հօգուտ դիմողների՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գրիշա Վիրաբյանի:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այդ որոշումը՝ նշեց, որ եթե Հայաստանում օրենքի գերակայություն հաստատելու, եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ շարժվելու, եվրոպական համայնքի խաղի կանոններով առաջնորդվելու եւ մեղավորներին պատժելու իրական ցանկություն կա, ապա Հայաստանի կառավարությունը պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորի թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ:  

«Խոսքս առաջին հերթին վերաբերում է անարդար վճիռներ կայացրած դատավորներին եւ ոստիկանության այն աշխատողներին, որոնք խոշտանգել են մեր քաղաքացիներին: Պաշտոնյաների կողմից անազատության վայրերում խոշտանգման դեպքերի կապակցությամբ վրացական իշխանությունները պաշտոնանկ արեցին երկու առանցքային նախարարի, ձերբակալեցին տասնյակ պաշտոնյաների: Եթե ՀՀ իշխանությունների խոսքը համապատասխանում է գործին, ապա պարտադիր կարգով պետք է ձերբակալվի այսօր արդեն բարձրաստիճան ոստիկան Աշոտ Կարապետյանը, որն անձնամբ ձեռք է բարձրացրել պարոն Վիրաբյանի վրա, պաշտոններից պետք է ազատվեն այն դատավորները, որոնց պատճառով տուժել են մեր քաղաքացիները, նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը»,- նշեց Կարապետյանը:

Նա նաեւ հավելեց, որ իր կարծիքով՝ այս աղաղակող փաստերը պետք է արժանանան նաեւ քաղաքական ուժերի գնահատականին: «Եթե իշխանություններն այս անգամ էլ անպատիժ թողնեն թերացած պաշտոնյաներին, ապա դրանով կապացուցեն, որ օրինականություն հաստատելու վերաբերյալ նրանց խոսքերը ոչ մի արժեք չունեն, եւ նրանք չեն պատրաստվում որեւէ բան փոխել մեր երկրում»,- նշեց Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին կանչել են հարցաքննության ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարել ‘