‘Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի ելույթը կտրված էր իրականությունից’

1669

Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ iLur.am-ը զրուցեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ս. Սարգսյանի վերջին ելույթում արված հայտարարություններին՝ երկրի ներքաղաքական իրավիճակի և նախատեսվող, կամ արդեն իսկ իրականացված բարեփոխումների մասին:

-Նախևառաջ նշեմ, որ Հայաստանին պատիվ չի բերում ունենալ նախագահ, որն իր պաշտոնավարման 6–րդ տարում դեռ չի կարողանում սովորել միջազգային լեզուներից մեկը՝ գոնե հարաբերվելու համար: Երկրի վարչապետը Չինաստանի անկախության ընդունելությանը խոսում է ռուսերեն՝ այն դեպքում, երբ Չինաստանի դեսպանը խոսում է իր մայրենի լեզվով: ԵԽ-ում բավականին ընդունված է խոսել մի լեզվով, որը ներկաների մեծ մասին հասկանալի լինի, սակայն դա չի արվում, որովհետև Ս.Սարգսյանը պատասխանատու չի վերաբերվում իր կատարած պարտականություններին: Նրանց, ով կհակադարձի, որ պետական լեզվով խոսելը ընդունված է, հիշեցնեմ, որ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրի հետ պաշտոնական (ասուլիս, ելույթ) շփումների ժամանակ մայրենին անտեսվում է:

Ս. Սարգսյանի ելույթները առհասարակ աչքի են ընկնում իրենց կտրվածությամբ իրական կյանքից: Հիշեցնեմ՝ ԱԺ ընտրություններից առաջ նրա ելույթը, որի հիմնական մեխը փոփոխություններն էին: Որևէ հիմնական փոփոխություն այդ օրվանից հետո չի արվել, բարեփոխումներ, որոնց մասին նա խոսում էր ԵԽ-ում, նույնպես չեն արվում: Հակառակ դեպքում, անգամ ՀՀԿ-ականները չէին խոսի արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության իսպառ բացակայության մասին, ժողովուրդն էլ նոր թափով չէր արտագաղթի երկրից: Բարեփոխումներ հնարավոր չէ անել օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետով, պետական պաշտոնները օգտագործած և տարիների ընթացքում անհավատալի հարստության հասած քաղաքապետով, գործարար շահեր ունեցող նախարարներով: Նման «քաղաքական» թիմով շատ առաջ չես գնա, նշվածս պաշտոնյաները հենց կոռուպցիայի քայլող օրինակներն են ու նաև Ս. Սարգսյանի գաղափարական հենասյուները:

Եթե փորձենք համեմատել Ս. Սարգսյանի՝ Հայաստանի ներկա վիճակի մասին պատկերացումները՝ միջազգային, այդ թվում մարդու իրավունքների կազմակերպությունների գնահատականներին, ապա կտեսնենք, որ վերջիններս՝ իր վկայակոչած Freedom House-ը, Transparensy International-ը, ԵՄ-ն, Եվրոպայի Խորհուրդն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ավելի հավակնոտ պատկերացումներ ունեն մեր մասին. բարեփոխումների ավելի բարձր սանդղակ են դնում Հայաստանի համար, համարում են, որ Մարտի 1-ի մարդասպանները պետք է պատժվեն, ժողովուրդը պետք է վստահի ընտրական գործընթացներին, հավատա, որ դատական համակարգը կպաշտպանի չինովնիկական բեսպրեդելից, իսկ կոռումպացված, անհասկանալի ծագում ունեցող դոլարային միլիոնատեր չինովնիկները չպետք է շարունակեն պաշտոնավարել: Բոլորը հասկանում են, որ որևէ նախընտրական խոստում չկատարած քաղաքական ուժը չի կարող ընտրություններում հաղթել, և եթե դա այդպես է, ուրեմն, ընտրությունների արդյունքները անարժանահավատ են:

-Սերժ Սարգսյանը հպանցիկ խոսեց իր հայտնի ձախողումների մասին՝ դրանք այլ տեսանկյունից ներկայացնելով, ի՞նչ կասեք այդ մասին:

-Հայ-թուրքական հարաբերությունները իրենց սառնությամբ և անհուսալիությամբ ամենացածր մակարդակի վրա են, դադարեցվել է Հայոց ցեղեսպանության միջազգային ճանաչման գործընթացը և անհուսալի փակուղում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ գրեթե երկու տարի չկան հանդիպումներ բարձրագույն մակարդակում, սահմանի վրա վիճակը էլ ավելի սրվելու միտումներ ունի, փոխվստահության որևէ միջոցառումներ չկան: Իհարկե, փորձ է արվել այդ ամենում մեղադրել մեր հակառակորդներին, ինչը, ճշմարիտ լինելով, չի ազատում Սերժ Սարգսյանի պատասխանատվությունից. բոլոր թվարկված ձախողումներում Ս. Սարգսյանի դերակատարությունը առանցքային է և մենք շատ ենք խոսել դրանց մասին:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործով ոչ մի վկա չէր ներկայացել դատարան’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ դեսպան. Պետք չէ գերագնահատել Եվրոպայի կախվածությունը ադրբեջանական նավթից’