‘Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսը տևել է 3 ժամ 10 րոպե’

927

Ռուսաստանի Դաշնության նախագահի ավանդական մամլո ասուլիսն անցել է աննախադեպ պայմաններում. սրված միջազգային իրադրությանը գումարվել է ֆինանսատնտեսական խնդիրների կտրուկ աճը:

Մամլո ասուլիսում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք անձնական պատասխանատվություն չի զգում այն բանի համար, որ Ղրիմի հանրաքվեից հետո ելույթ ունենալով Դաշնային ժողովում՝ գործածել է «հինգերորդ շարասյուն» եզրը, ինչը հետագայում շատերն սկսել են օգտագործել գործող իշխանությունների հակառակորդների վերաբերյալ,  հայտարարել է, թե չի կարծում, որ հասարակության մեջ լրացուցիչ պառակտում է մտցրել՝ քաղաքական ակտիվ շրջանառության մեջ դնելով «հինգերորդ շարասյուն» եզրը, սակայն պատրաստ է այսուհետև ավելի շրջահայաց լինել իր արտահայտություններում:

«Իմ բոլոր գործողություններն ուղղված են հասարակությանը համախմբելուն, այլ ոչ թե պառակտելուն: Եւ եթե դուք կարծում եք, որ դա տեղի է ունեցել, ապա ես արտահայտվելիս գուցե պետք է ավելի շրջահայաց լինեմ: Կմտածեմ այդ մասին: Բայց անընդհատ ամեն ինչ պլպլացնել էլ հնարավոր չէ: Երբեմն հարկավոր է իրերը կոչել իրենց անուններով»,- ասել է Պուտինը:

«Ուկրաինական ճգնաժամի իրավիճակում ճշմարտությունը Ռուսաստանի կողմում է, ոչ թե Արևմուտքի: Ես այդ մասին արդեն ասել եմ, որ մեր արևմտյան գործընկերները սխալ են»:

«Դուք ասացիք, որ Ռուսաստանը իր ավանդն  ունի աշխարհում ստեղծված լարվածության մեջ: Ռուսաստանն իր ավանդն ունի, բայց միայն այն իմաստով, որ ավելի կոշտ ու կտրուկ է պաշտպանում իր ազգային շահերը: Մենք, քաղաքական իմաստով՝ չենք գրոհում, մենք ոչ մեկի վրա չենք հարձակվում, մենք ընդամենը պաշտպանում ենք մեր շահերը»:

Պուտինը հայտարարել է, որ առաջարկել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ չհրապարակայնացնել որոշ նախագծեր: «Ինչ վերաբերում է Թուրքիային համոզելուն՝ միանալու պատժամիջոցներին, ես չէի էլ կասկածում: Մի անգամ Էրդողանին ասացի. «Գուցե չարժե խոսել որոշ բաների մասին, չարժե կատաղեցնել հակառակորդներին, թե չէ, մեկ էլ տեսար՝ թռան-եկան այստեղ:»: Բայց պարոն Էրդողանը պինդ տղամարդ է, նա կարող էր դա չանել: Ասում եմ՝ «Եկեք որոշ բաներ չհրապարակայնացնենք»: Նա մտածեց ու պատասխանեց. «Չենք անի»: Դա մեր թուրք գործընկերների ընտրությունն է: Նա ինձ ասում է՝ մենք թաքցնելու բան չունենք: Մենք ոչ մեկից ոչինչ մտադիր չենք գողանալ, թռցնել: Մենք լուծում ենք մեր երկկողմ հարաբերությունները»:

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ մի կազմակերպություն, ոչ մի, այսպես ասած՝ հալածանք չկա այն մարդկանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն մեր գործողություններին, ասենք՝ Ուկրաինայում, Ղրիմում, կամ ինչ-որ ներքաղաքական հարցերում: Իշխանության պաշտոնական մարմինները, դրանց ներկայացուցիչները դրանով չեն զբաղվում»,- ասել է Պուտինը:

Ընդհանուր առմամբ՝ 3 ժամ 10 րոպե տևած ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատասխանել է 53 հարցի, որոնք տրվել են ռուսաստանցի և արտասահմանյան 38 լրագրողների կողմից:

Ըստ ria.ru-ի

Նախորդ հոդվածը‘Նավթամթերքի մանրածախ գները Հայաստանում կրկին բարձրացել են’
Հաջորդ հոդվածը‘Ու՞մ էր խանգարում «Թերաֆլյու»-ն’