‘Վճարային քարտերի թիվը 2013 թվականի առաջին 9 ամիսներին աճել է 15.8 տոկոսով’

775

Հայաստանյան շուկայում շրջանառվող վճարային քարտերի թիվը 2013 թվականի առաջին 9 ամիսներին աճել է 15.8 %, տարեկան կտրվածքով`27,2%, հոկտեմբերի 1-ին կազմելով ավելի քան 1,5 մլն քարտ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ակտիվ քարտերի մեջ առաջատարն է VISA քարտը` 41%, երկրորդ տեղում է ArCa քարտը` 37,1 %, իսկ երրորդ տեղն է զբաղեցնում MasterCard քարտը` 19,2 %: 

Ըստ աղբյուրի, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին VISA քարտերը կազմել են 625.2 հազար հատ, առաջին 9 ամիսների ընթացքում աճը` 20.1%, իսկ տարեկան աճը` 30.2 %: ArCa քարտերը ինը ամիսների ընթացքում աճել են 15,1 %, տարեկան կտրվածքով`24,9 %, կազմելով 566,5 հազար քարտ: MasterCard քարտերի թիվն ավելացել է առաջին 9 ամիսների ընթացքում` 11.2% — ով, իսկ տարեկան աճը` 29.8 %, կազմելով 294.1 հազար քարտ:

Քարտային տրանսակցիանարի ծավալը Հայաստանում 2013 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 787,1 մլրդ դրամ (14.7 մլն գործարք), տարեկան աճը` 16,4 %:  Մասնավորապես, գործարքների ծավալը միջազգային Visa քարտերով հունվար-սեպտեմբերին կազմել է 409.8 մլրդ դրամ (6.4 մլն գործարք), տարեկան աճը`31.5 %: MasterCard քարտերով կազմել է 125.9 մլրդ դրամ (2.8 մլն գործարք), տարեկան աճը`13%, իսկ տեղական ArCa քարտերով` 196,8 մլրդ դրամ (4.8 մլն գործարք), տարեկան անկումը` 3.5 %:

Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործող POS-տերմինալների ընդհանուր թիվը կազմել է 6822, տարեկան աճը`10 % կամ 620 հատով: Բանկոմատների թիվը կազմել է 1223, տարեկան աճը` 8.9 % կամ 100 հատով: Առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում դրանց թիվը կազմել է 6728, որից 536-ը տեղակայված է եղել բանկային համակարգում, 230 — ը հյուրանոցներում, 3967-ը` մանրածախ կետերում, իսկ 1995-ը`այլ օբյեկտներում:

Հիշեցնենք, որ ArCa-ի մաժորիտար բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը, մյուս խոշոր բաժնետերերն են` ԱԿԲԱ — Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, իսկ մնացած 14 առեւտրային բանկերին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 2% — ը:

Նախորդ հոդվածը‘Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով ‘
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ» թիմը հունվարի 18ի հանրահավաքի մասին իրազեկել է ավտոարշավի միջոցով (լուսանկարներ)’