‘«Վճարում ենք 100 դրամ» շարժման հայտարարությունը վարորդին դանակահարելու վերաբերյալ ‘

1137

Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երևանի «Արարատ» կինոթատրոնի հարևանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի և ուղևորի միջև, որ ավարտվել է ուղևորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թևի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները դատապարտում են որևէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի այլ քաղաքացիների, ոստիկանների կամ որևէ այլ մարդու դեմ: Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը արագ բացահայտի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավոր կողմերին: Միաժամանակ անթույլատրելի կհամարենք, եթե ոստիկանությունն օգտագործի սույն միջադեպը տրանսպորտային կանգառներում իրենց խաղաղ բողոքի իրավունքն իրացնող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու համար:

Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները և, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, բոլոր մասնակիցներին կրկին անգամ հիշեցնում ենք, որ տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարը կրում է խաղաղ բնույթ և ընթանում է իրավունքի գերակայության շրջանականերում, ուստի կոչ ենք անում բոլորին գործել միմիայն իրավունքի ու քաղաքացիականության սահմաններում՝ հարգելով միմյանց իրավունքները և ազատությունները:

«Վճարում ենք 100 դրամ» շարժում

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը սկսել է տեղական կառույցների ղեկավար մարմինների ընտրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուղեվարձը կրկին 100 դրամ է. Առայժմ’