‘ «Վճարում ենք 100 դրամ» շարժման հայտարարությունը’

1475

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու տրանսպորտի թանկացման հնարավոր որոշման դեմ: Ցույցի վերջում ակտիվիստները հրապարակել են հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է, թե  «Երևանի ավագանին այլևս անկախ մարմին չէ և չի կարողանում ներկայացնել երևանցիների հանրային շահը»,  այլ դրսևորում է անգործություն և սատարում հանցագործներին։

«Այս շենքում ապօրինի թանկացման որոշում է կայացվել՝ ոչ ոք չի պատժվել։ Այս շենքում ոտնահարվել է հանրային շահը՝ հանուն գծատեր-պաշտոնյաների շահի՝ ոչ ոք չի պատժվել։ Այս շենքում մեր հարկերի հաշվին անձնական եկամուտներ են ապահովում՝ ոչ ոք չի պատժվում։ Այս շենքում կան պաշտոնյաներ, ովքեր հետապնդում, սպառնում և ծեծում են իրավագիտակից քաղաքացիներին՝ ոչ ոք չի պատժվում։ Այս շենքում չգիտեն, որ հաշվետու են հանրությանը։ Ոչ ոք չի պատժվում, ոչ ոք պատասխան չի տալիս, ոչ ոք չի վերահսկում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները նաև նշել են, որ առաջին հերթին պահանջում են  անհապաղ՝ ամբողջովին չեղյալ համարել թանկացմանը որոշումը,  հեռացնել կոռումպացված պաշտոնյաներին: Իսկ  եթե ավագանին օրենքից դուրս է և հաշվետու չէ հանրությանը, ապա հանրությունը կանցնի քաղաքացիական անհնազանդության գործողությունների։

 

Նախորդ հոդվածը‘Աշխատանքից ազատվել է դատախազության աշխատակազմի ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Գրիգորի Լեպսին մեղադրում է մաֆիայի հետ կապերի մեջ’