‘Վճիռը` հաստատում’

4179

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, մերժել է քննիչի միջնորդությունը՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: 

Հիշեցնենք, Հարությունյանը ՀՔԾ այն պաշտոնյան է, որը ղեկավարել է մարտիմեկյան սպանդը «քննող» քննչական խումբը եւ գործը բացահայտելու փոխարեն, ըստ մեղադրանքի, չարաշահել է իր լիազորությունները, որն ուղեկցվել է բռնությամբ, եւ ապացույցներ կեղծել:

Այսինքն, նա գործը կոծկելու մեղադրյալներից մեկն է:

Ճիշտ է, Հարությունյանը, «բարեհաջող» կերպով լքել է Հայաստանը եւ հեռակա եղանակով է «հերքում» մեղադրանքը, բայց հարցն այլ է:

Դատավորի այսօրվա որոշումը շատ խորհրդանշական է դատական իշխանության շուրջ ընթացող վերջին զարգացումների եւ քննարկկումների ֆոնին:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեցին իշխանության երկու ճյուղերը`  գործադիրն ու օրենսդիրը, բայց ահա մյուս առանցքային իշխանությունը` դատականը, մնաց հինը:

Եւ օգտվելով գործող իշխանության սխալից, որն անմիջապես ձեռնամուխ չեղավ դատական համակարգի արմատական բարեփոխումներին, դատական համակարգի ներկայացուցիչներն ամեն առիթով սկսեցին տորպեդահարել մարտի մեկի բացահայտման գործընթացը: Ինչը շարունակում են նաեւ հիմա:

Ու մինչ հանրությունը քննարկում է դատական համակարգի բարեփոխումների հարցը, մինչեւ մասնագետները փորձում են հասկանալ, թե որ երկրի փորձով պետք է տեղի ունենա այդ վիրահատական միջամտությունը, մինչ գտնվում են այնպիսիք, որ խոսում են սկզբում փափուկ մեթոդների անհրաժեշտության մասին, դատական համակարգը` ի դեմս դատավոր Աննա Մաթեւոսյանի, կարծես ինքն է առաջ ընկնում իրադարձություններից եւ ասում` մենք մեր կամքով փոխվողը չենք, մենք այդ ցանկությունը չունենք, մենք ցանկնանում ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք, եւ ընդհանրապես` մեզ դուր չեն գալիս բարեփոխումները, հետ բերեք այն հին Հայաստանը, որտեղ մենք մեզ ավելի լավ էինք զգում:

Կարճ ասած` որպեսզի մեր համակարգը փոխվի ու իրապես արդարադատություն իրականացնի, իշխանություններն իրական եւ մեծածավալ զտումներ պիտի իրականացնեն: Ահա այսպես կարելի է ընկալել տիկին դատավորի քայլը. «կամ դուք մեզ կտանեք դատախազություն», կամ «մենք ձեզ …. ու դե` հասկանալի է»:

Ու հատկապես հաշվի առնելով մարտիմեկյան գործի կարեւորությունը եւ դրանում ներգրավված անձանց ռեսուրսները, ազդեցությունն ու հնարավորությունները, իշխանությունները պետք է, մի կողմից, արագ եւ առանց հետ նայելու, մյուս կողմից` խիստ հաշվարկված քայլերով արագ բարեփոխեն դատական համակարգը, քանի դեռ այդ համակարգը «պինգ-պոնգի» կանոններով չի «թաղել» այդ գործը:

 

Պարգեւ Ապրեսյան

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն միաձայն ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Պրահայի դատարանը Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու թույլտվություն է տվել’