‘Վճռաբեկը մերժել է բողոքը, մարտի 1-ի տուժող կողմը լրացումներ կուղարկի ՄԻԵԴ’

6473

Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձրել մարտիմեկյան սպանդի տուժածների իրավահաջորդների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ բողոքը թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ տուժողի իրավահաջորդները չեն կարող բողոք ներկայացնել կալանքի վերաբերյալ որոշումների դեմ: Նրա խոսքով, դատարանը մերժելիս հղում էր կատարել Սահմանադրական դատարանի մի որոշման, ամբողջությամբ անտեսելով, սակայն, որ այն որոշումը, որը կայացված է կալանքի գործով, տուժողի իրավահաջորդների իրավունքներին է վերաբերվում ուղղակիորեն, մասնավորապես՝ Վերաքննիչը իրավահաջորդների կյանքի իրավունքի գործերով արդյունավետ քննությանն էր միջամտել:

«Տուժողի իրավահաջորդները՝ իրենց հարազատների կյանքի իրավունքի պաշտպանության ընթացակարգային երաշխիքներ ունեն, այսինքն՝ արդյունավետ քննության իրավունք: Նրանք իրավունք ունեն, որ իրենց գործն արդյունավետորեն քննվի, բացահայտվեն բոլոր հանգամանքները, մեղավորները կանչվեն արդարադատության, եւ իրենք կարողանան արդյունավետ մասնակցային իրավունք ունենալ: Դատարանը մերժել է, որովհետեւ՝ իբր օրենքը թույլ չի տալիս, մինչդեռ իրենք իրավունքով պիտի առաջնորդվեին»,- ասում է Գրիգորյանը:

Նրա խոսքով, այն տրամաբանությամբ, որ դատարանը մերժել է իրենց բողոքը, այդ նույն տրամաբանությամբ Վերաքննիչ դատարանը կալանքի գործով չէր կարող նման որոշում կայացնել:

«Եթե դատարանն ասում է, որ տուժողի իրավահաջորդներն իրավունք չունեն բողոք ներկայացնելու, որովհետեւ սա ընդամենը կալանքի գործ է, բայց ընդամենը կալանքի գործով Վերաքննիչ դատարանն անձեռնմխելիության հարց է լուծել, ու վաղը, եթե քննությունը հասնի իքս անձին, այդ անձը, որը ենթադրաբար անձեռնմխելիության ներքո կլինի, քննության շրջանակից դուրս է մնալու, ինչով խախտվելու է տուժողների իրավահաջորդների արդյունավետ քննության իրավունքը: Մյուս կողմից էլ՝ այդ արդյունավետ քննության իրավունքը ենթադրում է , որ յուրաքանչոյւր ոք, ով ներգրավված է գործի մեջ, քննվելու եւ հիմքերի առկայության դեպքում՝ պատասխանատվության կանչվելու ենթակա է, եւ չեն կարող արհեստական սահմանափակումներ լինել: Կոնկրետ այս դեպքում այդ անձեռնմխելիությունը արհեստական սահմանափակում է»,- ասում է Գրիգորյանը:

Փաստաբանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, թե ովքեր են այն դատավորները, որոնք մերժել են իրենց վճռաբեկ բողոքը, ու այդ պարագայում նրանց վարքը հասկանալի կդառնա: Հինգ դատավորները նախկինում առնչվել են մարտի մեկի հետ կապված քաղբանտարկյալների գործերին՝ չորսը որպես դատավոր, իսկ մեկը՝ որպես մեղադրող դատախազ քաղբանտարկյալների դեմ մեղադրանքն է պաշտպանել դատարանում:

«Վստահաբար միտում կա, իրենք այս գործով իրենց են պաշտպանում: Սա, այո, նշանակում է, որ իրենք դատախազության վճռաբեկ բողոքի հանդեպ արդեն վերաբերմունք են ցույց տալիս»,- ասում է Գրիգորյանը:

Փաստաբանը նշեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ տուժող կողմը նախկինում ներկայացված հիմնավորումներին լրացում է ուղարկելու ՄԻԵԴ, որում ներկայացվելու է նաեւ դիմողների տուժողների իրավահաջորդների մասնակցային իրավունքի խախտման փաստը:

«Եթե ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի, դատողները պատասխան են տալու դրա համար: Մենք առհասարակ անձեռնմխելիության ասպեկտն ենք բերելու առաջին պլան՝ ՄԻԵԴ քննության առարկա դարձնելով՝ որպես արդար, արդյունավետ քննության իրավունքին միջամտություն»,- ասում է Գրիգորյանը:

 

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն VAR-ի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել’
Հաջորդ հոդվածը‘Պոգբայի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է ձախողվել Ռայոլայի պառճառով’