‘Վճռաբեկի մերժումից հետո Կոնգրեսի երիտասարդները կդիմեն Եվրադատարան’

1271

Դեկտեմբերի վերջին Վճռաբեկ դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով պաշտպանական կողմի վճռաբեկ բողոքը:  Հայցվոր կողմը  պահանջում էր բեկանել Վերաքննիչ դատարանի` հոկտեմբերի 14-ին կայացրած վճիռը եւ արդարացման դատավճիռ կայացնել:

Վճռաբեկ դատարանը մերժել է հայցի քննությունը` այդպիսով անփոփոխ թողնելով Վերաքննիչի վճիռը:

Նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Քանի որ ներպետական բոլոր ատյաններն այլեւս սպառված են, եւ ունենք սպասելի արդյունք, որով ապացուցվեց, որ այս քրեական գործը որեւէ աղերս չուներ իրավաբանության հետ` բոլոր որոշումները կայացվել են պահի ներքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բացառապես Բաղրամյան 26-ում, եւ դատավորը չէր, որ իրավասու էր որեւէ փաստի տալ իրավական գնահատական, ստիպված ենք արդարադատություն փնտրել միջազգային ատյանում», — iLur.am-ին ասաց Տիգրան Առաքելյանը:

Նա նշեց նաեւ, որ ավելի քան երկու տարի տեւած գործի քննության ընթացքում կայացված բոլոր որոշումներն էլ խոցելի էին եւ անօրինական:

«Նույնիսկ Վերաքննիչ դատարանի կայացրած` ինձ ծանր մեղադրանքով (ոստիկանին մարմնական վնասվածք հասցնելու-խմբ.) արդարացման որոշումը նույնպես անօրինական էր, քանի որ դատավարության ընթացքում այդ մասով իմ արած միակ միջնորդությունը, որով ես պահանջեցի կրկնակի բուժզննության ուղարկել «տուժող» ոստիկանին, մերժվեց: Այսինքն, դատարանը որեւէ կերպ չքննելով ծանր մեղադրանքի հետ կապված դրվագը,  դրանում արդարացրեց: Ավելին, մեկ այլ դրվագով, թե իբր ես ոստիկանին գցել եմ գետնին, եւ արդյունքում նա կորցրել է իր հեռախոսը, քննվեց, եւ կապի օպերատորից ստացված փաստաթղթերի օգնությամբ ապացուցվեց, որ այդ հեռախոսը այդ ընթացքում մշտապես օգտագործել է «տուժող» ոստիկանի` Շահեն Հարությունյանի եղբայրը: Կարելի է հիշել նաեւ գործով վկա տաքսու վարորդի ցուցմունքները, ով միջադեպի մասին ամեն ինչ տեսել էր, անունս գիտեր, բայց «չէր հիշում» իր մեքենայի գույնը, մակնիշը, պետհամարանիշերը, ոստիկանության բաժանմունքի տեղը, որտեղ իբր նախաքննական ցուցմունք էր տվել,եւ այլն», — նշեց Առաքելյանը:

Նրա խոսքով, այսպիսի դրվագները քրեական գործում բազմաթիվ էին,  դատավարության ընթացքն էլ բաց էր, եւ անգամ քիչ տեղեկացված մարդիկ կարող էին ամբողջական պատկեր կազմել գործի վերաբերյալ:

«Եթե այս պարզ փաստերը համադրվեին, իրական հանցագործներն այսօր իրենց պատիժը կրելիս կլինեին, իսկ մենք ստիպված չէինք լինի արդարադատություն փնտրել երկրից դուրս:  Իրական ազատությունը կլինի միայն այն ժամանակ, երբ կվերականգնվի արդարությունը», — եզրափակեց Տիգրան Առաքելյանը: 

Նախորդ հոդվածը‘«Մարտի 1» հ/կ համակարգող. Լավ է, որ մարդիկ մտահոգվում են, բայց որեւէ նոր տեսանյութ չի հրապարակվել’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Վանո Սիրադեղյանի քույրը ‘