‘Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Արտակ Նազարյանի գործով բողոքը’

966

Վճռաբեկ դատարանը` դատավոր Դ. Ավետիսյանի նախագահությամբ,  որոշել է ետ վերադարձնել լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով տասը տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանների և տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ու փաստաբան Մուշեղ Շուշանյանի` Վերաքննիչ քրեական դատարանի կայացված որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքները, տեղեկացնում է Jfhr.am կայքը: 

Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը պնդում են, որ թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ դատարաններն այս գործով անօրինական որոշում են կայացրել և պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։      

«Դատարանում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել գործով ամբաստանյալներին վերագրվող գործողությունների և Ա. Նազարյանի մահվան միջև պատճառահետևանքային կապը», — վերաքննիչ բողոքում հիմնավորել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:      

Սակայն Վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձնելու մասին որոշման մեջ նշել է, որ  «բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով  վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»: 

Նշենք, որ տուժող կողմի ներկայացուցիչները առանձնակի հույսեր չէին կապում Վճռաբեկ դատարանի որոշման հետ. 

«Վճռաբեկ դատարանը, թերևս, դատական համակարգի օղակներից ամենախայտառակ վիճակում է գտնվում, որովհետև բողոքների գերակշիռ մեծամասնությունը, առանց որևէ հիմնավորման, պատճառաբանության հետ են վերադարձվում» —  ասում է փաստաբան Շուշանյանը:   

Հանգուցյալ լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը տեղեկացրել է, որ անկախ ամեն ինչից իրենք գնալու են մինչև վերջ, և տեղական ատյանները սպառելուց հետո պետք է դիմեն Եվրոպական դատարան:      

Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերից մեկում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի ներկայացուցիչները մշտապես պնդել են, որ կատարվածը, ոչ թե ինքնասպանություն է, ինչպես ներկայացված էր դատախազության մեղադրանքում, այլ`սպանություն:   

«Ա. Նազարյանի սպանությունը միտումնավոր կոծկվել և ներկայացվել է որպես ինքնասպանություն: Դատարանի նպատակը ոչ թե արդարադատություն իրականացնելն էր, այլ ինքնասպանության պաշտոնական վարկածը դատարանի կնիքով հաստատելը», Առաջին ատյանի վճռի մասին համոզմունք էր հայտնել փաստաբան Շուշանյանը՝ հավելելով, որ չեն բացահայտվել Ա. Նազարյանի մահվան (սպանության) իրական հանգամանքները, քրեական պատասխանատվության չեն ենթարկվել նրա մահվան համար մեղավոր անձինք, փոխարենը մեղավոր են ճանաչվել Ա. Նազարյանի մահվան համար որևէ մեղավորություն չունեցող 5 ամբաստանյալները:              

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Ս.Սարգսյանի եվրամետամորֆոզները ‘
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ’