‘Վովա Գասպարյանը բացահայտել է դարի հանցագործությունը ‘

2293

Առավոտ էր, Արարտյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Վովա Գասպարյանը, ով այդ գիշերն անց էր կացրել աշխատասենյակում, անհանգիստ հետ ու առաջ էր քայլում: Նա ակնհայտորեն սպասում էր ինչ-որ կարեւոր լուրի, որը, սակայն, ուշանում էր: Վովա Գասպարյանը տեղը չէր գտնում, նա ձեռնարկել էր իր կյանքի ամենակարեւոր քայլը, ամենակարեւոր իղձի կատարումը: Իր աշխատանքի ողջ ընթացքում նա ձգտել էր դրան: Ոստիկնապետ նշանակվելուց հետո մի կողմ էր թողել մյուս բոլոր գործերը, եւ հրահանգել էր հենց այդ գործով զբաղվել: Եւ ահա: Այդ լուսապայծառ առավոտյան Վովա Գասպարյանը պետք է վերջապես տեսներ իր գերնպատակի ի կատար ածվելը: Ու զանգ: Նրան զեկուցեցին, որ հանձնարարությունն արված է:

Վերջապես: 1960 թվականին ծնված քաղաքացի Անդրանիկ Գ.-ն` 22 տարի անց վերջապես կիմանա, թե հեռավոր 1990 թվականին ով է թռցրել իր «Մոսկվիչ 2140» մակնիշի մեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին ու դիմապակին մաքրող սարքերը: Այո, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 1945 թ. ծնված Սամվել Տ.-ն: Վովա Գասպարյանի ուրախությանը չափ ու սահման չկար: Ոստիկանները գտել են անվադողերը, հետո` արդեն մեքենայի մյուս մասերը: Ճիշտ է, քաղաքացի Անդրանիկ Գ.-ն 22 տարվա հեռավորությունից հազիվ էր ճանաչել իր անվադողերը: Բայց դա միայն մինչեւ ոստիկաննենրի հետ հանդիպումը: Ոստիկանների մասնագիտացված հարցաքննությունից հետո, քաղաքացի Անդրանիկ Գ.-ն անմիջապես խոստովանել էր, որ իր դեմ դրված անվադողերը այն անվադողերն են, որ 22 տարի առաջ իրենից գողացել էին: Այո, նա ճանաչել էր դրանք: Գրավոր բացատրություն էր տվել, եւ նույնիսկ շնորհակալություն հայտնել ոստիկաններին: Ճիշտ է, Մոսկվիչն արդեն չկար: Բայց կարեւորը, որ քաղաքացին 02-ի տեսախցիկի խիստ հսկողության տակ խոստովանել էր, որ ճանաչում է իր 22 տարի առաջվա անվադողերը, եւ առանց կապտուկների դուրս էր եկել ոստիկանական բաժանմունքից:

Ինչպիսի ցնծություն: Վովա Գասպարյանի աստեղային ժամն էր: Նա բացահայտել էր դարի հանցագործությունը: Այժմ հերթը Պապ թագավորի սպանության բացահայտումն էր:

 

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին  

Վերը նշվածը ամբողությամբ չէր հումորի ժանրից: Մեզ համար նման հումորի նյութ էր դարձել, այսօր Ոստիկանության կայքում զետեղված այս հաղորդագրությունը` «Բացահայտում 22 տարի անց» վերնագրով:

«Շուրջ 22 տարի առաջ՝ 1990 թ. հոկտեմբերի 20-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին և դիմապակին մաքրող սարքերը: 
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 1945 թ. ծնված Սամվել Տ.-ն:
Կատարվում է նախաքննություն»,- ասված էր հաղորդագրության մեջ:

  

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային բեւեռում 5 տարում սառույցը քչացել է 18%-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքմենստանի նախագահը խոշոր պատվիրակության ուղեկցությամբ կժամանի Հայաստան ‘