‘Վովա Գասպարյանը իր խոսքի տերն է. Լիսկայի ազգականի հանցագործությունը կոծկվեց’

1392

Ոստիկանությունը քրգործ չի հարուցել մայիսի 25-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ «լիսկա» Խաչատրյանի եղբոր որդին ծեծի էր ենթարկել, առևանգել էր, և որոշ տեղեկություններով նույնիսկ դանակահարել էր երկու քաղաքացու: Որոշ տեղեկություններով, տուժողները նույնիսկ դանակի հարվածներ են ստացել:

Ճիշտ է, Ոստիկանությունը հաստատել էր ծեծի փաստը, հաղորդագրության մեջ նշելով, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:

Սակայն, օրեր անց ոստիկանապետ Վովա Գասպարյանը դեպքի առնչությամբ ասել էր. «Լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ ծեծի ենթարկելու, դանակահարության մասին, չեն համապատասխանում իրականությանը… Դեռ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան»: Այսպիսով, ոստիկանապետը իմաց էր տվել, որ գործը կոծկվելու է: Փաստորեն, Վովա Գասպարյանը կատարեց իր խոստումը:

Ուշագրավ է, որ մի քանի օր առաջ քրեական ամփոփումների «հերոս» էր դարձել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին, որը դանակահարել էր մի քաղաքացու: Սակայն այս դեպքում, միանգամից քրգործ է հարուցվել, և դատարանը Օսիպյանի ազգականին կալանավորելու համաձայնություն էր տվել:

Ստացվում է, որ իշխանությունների համար, հանրահավաք ցրող ոստիկանը արժեք չի ներկայացնում և նրան ցանկացած ժամանակ կարելի է փոխարինել նորով, իսկ Լիսկայի նման ընտրակեղծարարները անփոխարինելի են: Նրանք մի ամբողջ մարզում կարողանում եմ պետք եղած տոկոսներ «խփել»:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը եւ Բուրկհալտերը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը եւ Իտալիան համաձայնագիր են ստորագրել’