‘Վովա Գասպարյանը հիշեց ոստիկանության վարկանիշի բարձրացման մասին’

1210

Նոյեմբերի 2-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Նախաքննության մարմինների աշխատանքում տեղ գտած թերությունները վերացնելուն և նախաքննության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հանձնարարականի հրապարակումից հետո խորհրդակցության մասնակիցներն անցան ոստիկանության քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած թերությունների ու բացթողումների քննարկմանը:
Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խոսելով բացթողումների մասին` Գասպարյանը նշեց, որ քննչական ստորաբաժանումներում ցածր է աշխատանքային և կատարողական կարգապահությունը, քրեական գործերով քննիչների հաճախակի փոփոխությունները տրամաբանական չեն, ինչը կարելի է դիտել կամ որպես դիտավորություն, կամ չիմացության արդյունք:
Անդրադառնալով քննիչների մասնագիտական պատրաստվածությանը` ոստիկանության պետը նշեց, որ դրա անբավարար մակարդակը հետևանք է մասնագիտական պարապմունքների հանդեպ իմիջիայլոց վերաբերմունքի, և կրկին հիշեցրեց քննիչների պատասխանատվության մասին:
Գասպարյանը նշեց, որ անթույլատրելի է օպերատիվ և քննչական ծառայությունների տարանջատ աշխատանքը, և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց, քննիչների աշխատանքին չմիջամտելով հանդերձ, միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Մտահոգիչ իրավիճակն արագ պիտի փոխվի և դրա համար պիտի գործի դրվեն կադրային, կազմակերպչական, նյութատեխնիկական ու ֆինանսական բոլոր միջոցները, ընդգծեց ոստիկանության պետը, հակառակ դեպքում խոսք չի կարող լինել ոչ հանցավորության դեմ պայքարում պահանջվող արդյունքների, ոչ էլ ոստիկանության վարկանիշի բարձրացման մասին:

Նախորդ հոդվածը‘Վաղը Երևանում սպասվում է անձրև’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում «թանկացել է» մասնակցությունը չարտոնված հանրահավաքներին’