Վուչիչ․ Ինը երկիր չեղարկել է ինքնահռչակ Կոսովոյի ճանաչումը

402

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը թվարկել է այն ինը երկրները, որոնք հետ են կանչել ինքնահռչակ Կոսովոյի ճանաչումը։

«Այսօրվա դրությամբ 106 երկիր չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, ընդամենը 84-ն են ճանաչում, երեք երկիր՝ ոչ լրիվ,- տեղեկացրել է Վուչիչը չորեքշաբթի կայացած ամանորյա մամուլի ասուլիսում։- Ինը երկիր չեղարկել է ճանաչումը՝ Սոմալին, Բուրկինա Ֆասոն, Գաբոնը,  Էսվատինին, Լիբիան, Անտիգուան և Բարբուդան, Սենտ Լյուիսը, Մալդիվները։ Սպասում ենք տասներորդին»,-ասել է Վուչիչը։

Ավելի վաղ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը նշել է, որ Սերբիան ակտիվացնում է ջանքերը ինքնահռչակ Կոսովոյի ճանաչումը չեղարկելու ուղղությամբ՝ ի պատասխան Պրիշտինայի կողմից Վաշինգտոնյան պայմանագրերի խախտման, որոնց համաձայն՝ չճանաչված այդ կառույցն իրավունք չունի դիմել՝ միջազգային կազմակերպություններ ընդունվելու։

2022 թ․ դեկտեմբերի 15-ին Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին դիմում էր ներկայացրել ԵՄ խորհրդում նախագահող Չեխիային՝ այդ կառույցում ընդգրկվելու համար։ Եվրամիության 27 երկրներից հինգը՝ Իսպանիան, Ռումինիան, Սլովակիան, Հունաստանը և Կիպրոսը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, ինչն արդեն հիմա արգելափակում է ԵՄ մուտք գործելու նախապատրաստության գրեթե ցանկացած գործողություն։ Այդ խնդիրը կարող է լուծվել միայն մի ձևով՝ եթե Բելգրադը ճանաչի Կոսովոյի անկախությունը։

Վերջին ամիսներին Եվրամիությունը Սերբիային ակտիվորեն մղում է ճանաչելու այդ ինքնավար երկրամասի անկախությունը՝ պնդելով, որ Կոսովոյի և Ռուսաստանի հանդեպ դիրքորոշումը գլխավոր խոչընդոտն է Սերբիային ԵՄ ընդունելու ճանապարհին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴԺՀ պատգամավոր․ Վարձկանների անվան տակ Ուկրաինա են մտնում արևմտյան հատուկ ստորաբաժանումներ
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Դանիիլ Մեդվեդեւի հետ