‘Վստահության կորուստ’

2299

Մի քանի օր առաջ հայ հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու և, միաժամանակ՝ զարմանալու, իսկ ոմանք՝ նույնիսկ երկրից հիասթափվելու՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանի հետ կատարվածից, երբ ԱԱԾ աշխատակիցը նրան փորձում էր հավաքագրել, և «հավաքագրվողը» հավաքագրման այդ ամբողջ գործընթացը գաղտնի ձայնագրել և ներկայացրել էր հանրությանը:

Նույնիսկ գնահատականներ եղան Հրայրի «հերոս» լինելու մասին, և նրա արարքը աննախադեպ համարելով՝ ոմանք հայտարարեցին, թե Հրայրը հեղափոխություն է կատարել Հայաստանի անվտանգության համակարգում, և բոլորը պետք է հետևեն նրա օրինակին:

Ինչ խոսք, ողջունելի է մարդու կատարած արարքը՝ այն դեպքում, երբ նրան ստիպում են այս կամ այն գործողությունը կատարել  և, միաժամանակ, սպառնում են հաշվեհարդար տեսնել ընտանիքի անդամների և ընկերների նկատմամբ, բայց մարդը չի տրվում այդ սպառնալիքներին և շարունակում է  հավատարիմ մնալ իր սկզբունքներին:

Սակայն այս պարագայում կարելի է կենտրոնանալ մեկ ուրիշ բանի վրա. ինչո՞ւ որևէ անգամ արտահոսք չի եղել մի այսպիսի ձայնագրության կամ նման այլ բանի տեսքով, որտեղ օտար երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են փորձել հավաքագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, և քաղաքացին այդ մասին հայտնել է ԱԱԾ-ին կամ էլ լրատվամիջոցներին, որպեսզի նրանք տարածեն, թե այս կամ այն երկրի ներկայացուցիչն ինչպիսի գործողություններ է ծավալում Հայաստանի Հանրապետությունում:

Թե՞ օտար երկրների ներկայացուցիչները ձեռքերը ծալած նստած են և որևէ գործունեություն չեն ծավալում մեր երկրում: Մոռացածներին  հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում Վիկիլիքսը մի քանի փաստաթուղթ հրապարակեց Հայաստանի վերաբերյալ, որտեղ հստակ նշված էր ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ աշխատող մարդկանց շրջանակը: Իսկ արդյոք հայրենի ԱԱԾ-ն փորձե՞լ է պարզել, թե ինչով են զբաղվել այսքան տարի մեզ մոտ հավատարմագրված երկրների  հետախուզության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունում, և ի՞նչ ընդդիմադիր կոնտակտների մասին է խոսքը նույն Վիկիլիքսում նշված փաստաթղթերում:

ԱԱԾ-ի համար որևէ տարբերություն չպետք է լինի՝ ՀՀ քաղաքացին ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանության ներկայացուցիչ: Նրա հիմնական գործառույթը պետք է լինի պաշտպանել նույն ընդդիմադրին այլ երկրների հատուկ ծառայությունների տեսադաշտում հայտնվելուց և նրանց զոհը դառնալուց:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում: Փոխանակ մարդիկ զբաղվեն իրենց բուն գործառույթով, ընդդիմադիրներին համարում են ազգի թշնամիներ և նրանց հետ վարվում են՝ ինչպես կվարվեին թշնամու հետ:

Ժողովրդավարական երկրներում այդ երկրների քաղաքացիների համար հպարտություն է համարվում օգնել իրենց երկրների հատուկ ծառայություններին, և ցանկացած հայրենասեր քաղաքացի իր պարտքն է համարում իրեն հայտնի դարձած կարևոր տեղեկատվությունը փոխանցել ոստիկանությանը կամ հատուկ ծառայություններին:

Նույնիսկ այն բռնապետական երկրներում, որտեղ ժողովրդին թվում է, թե իրենց իշխանությունները գողեր չեն, իսկ բռնապետությունն էլ  «ստեղծված» է երկրի զարգացման նպատակով, պատիվ է համարվում օգտակար լինել հատուկ ծառայություններին:

Միայն այն երկրներում, որտեղ ժողովուրդը որևէ վստահություն չունի սեփական իշխանությունների նկատմամբ և սեփական իշխանություններին համարում է ավազակներ, այդ պարագայում է ամոթալի համագործակցել սեփական հատուկ ծառայությունների հետ:

Այդ իսկ պատճառով՝ ոչ թե  պետք է քարեր նետել ԱԱԾ-ի ուղղությամբ և հիմարության հասնող վերլուծություններ անել, թե, իբր, մեզ անվտանգության ծառայություն անհրաժեշտ չէ, այլ հարկավոր է այնպիսի իշխանություն ձևավորել, որի համար ընդդիմադիրները թշնամի չեն լինի, իսկ երկրի քաղաքացիներն էլ իրենց պարտքը կհամարեն որևէ հանցագործություն նկատելու դեպքում այդ մասին հայտնել համապատասխան մարմիններին՝ վստահ լինելով, որ նրանք հենց իրենց բուն պարտականություններն են կատարում:

Մի պարզագույն օրինակ բերեմ, որով կհստակեցվի, թե ինչի մասին է խոսքը: Ոստիկանությունում ամենադժվար խնդիրը համարվում է ընթերակա գտնելը, որովհետև շատ քչերն են համաձայնում վկայություն տալ կամ որևէ գործ ունենալ ՀՀ ոստիկանության հետ, քանզի «եզակիներն» են վստահում մեր իրավական համակարգին:

Եթե այս անվստահության մթնոլորտը չլիներ, համոզված եմ, որ Քարվաճառում էլ ադրբեջանական դիվերսիոն խումբը չէր կարողանա առանց խոչընդոտի թափանցել երկրի խորքերը, և տեղի բնակիչներն էլ, կասկածելի մարդկանց տեսնելու դեպքում՝ այդ մասին անմիջապես կհայտնեին ուժային մարմիններին:

Վստահության կորուստը դեռ շատ թանկ է նստելու մեր պետության վրա, ու փոխանակ իշխանությունները նույնպես ջանքեր գործադրեն այդ վստահությունը վերականգնելու ուղղությամբ, իրենց գործունեությամբ ու վարքագծով ավելի են մարդկանց հիասթափեցնում և ՀՀ քաղաքացիներին ամեն կերպ վանում են պետականության ամրապնդման գործում մասնակցություն ունենալուց:

Միսակ Մարտինյան                  

Նախորդ հոդվածը‘Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտը բազմիցս եղել է Քարվաճառում’
Հաջորդ հոդվածը‘ Անրի Ռենո. Ցավ ենք ապրում, երբ շփման գծում տհաճ միջադեպեր են տեղի ունենում’