‘ՎՏԲ բանկը Mika Limited-ի ու «Արմավիայի» դեմ $22 միլիոնի հայց է ներկայացրել ‘

787

VTB բանկը հայաստանցի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության ու Mika Limited (գրանցված է Լա Մանշ նեղուցի Ջերսի կղզում) ընկերության դեմ 22 միլիոն դոլարի հայց է ներկայացրել: Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը` բանկը ցանկանում է վերադարձնել գումարները, որոնք նա տրամադրել է ավիափոխադրողին վարկային միջոցների վերաֆինանսավորման նպատակով: Այդ վարկերը «Արմավիա»-ն վերցրել է ռուսական Sukhoi Superjet-100 օդանավերը ձեռք բերելու համար: Իրավաբանները կարծում են, որ բանկը ոչ վատ շանսեր ունի ավիաընկերությանը հաղթելու համար, իսկ Ջերսիում սկիզբ դրված գործընթացը դատապարտված է տապալման:

Բանկին մոտ կանգնած աղբյուրը «Իզվեստիա»-ին տեղեկացրել է, որ «Արմավիա»-ին 10 միլիոնի հայցը ներկայացվել է Հայաստանի պետական արբիտրաժ, իսկ Mika Limited-ին 12 միլիոն դոլարի հայցը ներկայացվել է Ջերսի կղզու Թագավորական դատարան: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Միխայիլ Բաղդասարովը «Իզվեստիա»-ին պարզաբանել է, որ «առաջիկայում վարկերը կմարվեն, իսկ հայցն ուժը կորցրած կճանաչվի»` հրաժարվելով մեկնաբանել մանրամասները:

«ВТБ-ն մտադիր է վերադարձել պարտքը` օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցներով»,-նշել է բանկի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Սուխովերխովը:

Իրավաբանները կարծում են, որ ВТБ-ն հայկական ավիաընկերությանը հաղթելու բոլոր շանսերն ունի: Նրանք նշել են, որ բանկը կարող է հավակնել ավիաընկերության ակտիվներին, եթե «Արմավիան» չվերադարձնի միջոցները մինչեւ դատական քննության ավարտը: Եթե օդանավերը լիզինգով են վերցված, ապա ВТБ-ն կարող է հավակնել ու իրավունք ստանալ լիզինգային պայմանագրերի նկատմամբ, այնպես, որ կարողանա դրանք վաճառել:  

Նախորդ հոդվածը‘Նախագահ Տեր-Պետրոսյանի պարզաբանումը’
Հաջորդ հոդվածը‘Լիբիայում պատրաստվում են Քադաֆիի ռեժիմի տապալման տարեդարձին’