‘Վրաստանը հաստատել է մցխեթցի թուրքերի «հայրենադարձման» ռազմավարությունը’

1050

Վրաստանի կառավարությունը հաստատել է մցխեթցի թուրքերի «հայրենադարձման» ռազմավարությունը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայնը», սեպտեմբերի 17-ին հրապարակված փաստաթղթում ներկայացված են ընդհանուր դրույթներ, որոնք առնչվում են նախորդ դարի 40-ական թվականներին տեղահանված մցխեթցիների վերադարձին և նրանց ինտեգրմանը Վրաստանի հասարակությանը:

Բացի այդ, Վրաստանի կառավարությունը մտադիր է մշակել ծրագիր, որում շարադրված կլինեն արդեն հայրենադարձության որոշակի մեխանիզմներ, գործողություններ  և ընթացակարգեր:

Մցխեթցիների ինտեգրմանն աջակցելու նպատակով ռազմավարությունում ընդգծվում է նրանց մշակութային ինքնատիպության պահպանման, ինչպես նաև Վրաստանի պետական լեզվի իմացության անհրաժեշտությունը: Ելնելով դրանից` Վրաստանի կառավարությունը մտադիր է վրացերենի դասընթացներ կազմակերպել հայրենադարձների համար, ինչպես նաև ապահովել կրթական ռեսուրսների մատչելիություն:

1999 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Վրաստանն ստանձնել է ստալինյան վարչախմբի կողմից Ջավախքից տեղահանված մցխեթցիներին հայրենիք վերադարձնելու պարտավորություն: 

Նախորդ հոդվածը‘ Արմեն Մարտիրոսյան. Հոկտեմբերի 10-ից կարող է իշխանափոխության գործընթաց սկսվել ‘
Հաջորդ հոդվածը‘Իջեւանի ոստիկանապետը ձերբակալվել է հանցագործություն պարտակելու կասկածանքով’