‘Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ’

1019

Վրաստանի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել «Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին», որում հաստատել է հավատարմությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությանը: Ավելին, փաստաթղթում ընդգրկվել է մի կետ, որն, ըստ էության, բացառում է  Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: Ըստ փաստաթղթի՝ Վրաստանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ՝ այդ կառույցների լիիրավ անդամ դառնալու ժամկետների և միջոցների վերաբերյալ: Իսկ առայժմ նա մտադիր է «շարունակել իր մասնակցությունը  միջազգային խաղաղապահական, ոստիկանական և քաղաքացիական գործողություններին»: «Նկատի է առնվում մեր հետագա մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին 2014 թ. հետո», «Коммерсант»-ին պարզաբանել է նախագահական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նուգզար Ցիկլաուրին: ԱՄՆ-ը բանաձևում անվանվում է «ռազմավարական գործընկեր», որի հետ Վրաստանը կզարգացնի հարաբերությունները՝ 2008 թ. ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի պայմաններին համապատասխան, այդ թվում ՝ նաև «պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ Վրաստանի պաշտպանական ունակությունները մեծացնելու և ՆԱՏՕ մուտք գործելու համար»:

19 կետերից Ռուսաստանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հիշատակվում է ընդամենը երեքում. Թբիլիսին կերկխոսի Մոսկվայի հետ՝ հակամարտության կարգավորման, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակով. ենթադրվում է, որ այդ գործընթացը տեղի կունենա Ժնևում միջազգային մեխանիզմների շրջանակներում. Վրաստանը կնպաստի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցում Հարավային Կովկասում: Բայց ամենակարևորը՝ բանաձևը, ըստ էության, արգելում է դիվանագիտական հարաբերություններ վերահաստատել ՌԴ-ի հետ: «Վրաստանը չի կարող դիվանագիտական հարաբերություններ ունենալ այն պետությունների հետ, որոնք ճանաչում են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը», ասված է փաստաթղթում, փոխանցում է  Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘«Բուֆեր» Սերժ Սարգսյանի և ժողովրդի միջև’