‘Վրաստանը պատրաստ է աբխազական երկաթուղու շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության’

1032

Վրացական կողմը պատրաստ է ուշադրությամբ լսել Ռուսաստանի առաջարկությունները Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման վերաբերյալ: Հունիսի 26-ին այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Մենք լուրջ պայմաններ ունենք երկաթուղային երթևեկությունը բացելու համար, և եթե Ռուսաստանի կողմից լինի լուրջ նախաձեռնություն, մենք պատրաստ ենք շատ ուշադիր լսել այն, սակայն մենք էլ մեր պայմանները կառաջարկենք», — Աբաշիձեի խոսքերը վկայակոչել է «Վեստնիկ Կավկազա» պորտալը:

Նշենք, որ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսմամբ շահագրգռված է Հայաստանի, որի համար դա կենսական կարևորություն ունի: 2012-2013 թվականներին International Alert միջազգային խաղարար կազմակերպության մասնագետների անցկացրած  հետազոտությունների համաձայն, երկաթուղու այդ հատվածի վերականգնման համար կպահանջվեն 251 մլն դոլարի ներդրումներ, ինչը տնտեսապես շահավետ չէ ոչ Աբխազիայի, ոչ Վրաստանի համար: 2013 թվականի նոյեմբերի 20-ին Երևանում վերը նշված հետազոտության շնորհանդեսի ընթացքում  International Alert-ի ավագ խորհրդատու Նատալյա Միրիմանովան հայտարարել էր, թե Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթուղու վերականգնումը Վրաստանի և Աբխազիայի համար կարող է տնտեսապես արդյունավետ լինել միայն տարանցիկ հնարավորությունների առկայության դեպքում, քանի որ դրանով բեռնափոխադրումների ծավալը չի կարող գերազանցել տարեկան 10 մլն տոննան: Հետազոտության հեղինակներից մեկը` Վախթանգ Չարայան, իր հերթին նշել էր, թե նույնիսկ մինչև 10 մլն բեռնափոխդրման ապահովման դեպքում այդ երկաթուղու փոխհատուցման ժամկետը կկազմի 16 տարի, մինչդեռ նման նախագծերի համար շահութաբերության նորման 10 տարի է:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա բոցը. Մայր աթոռում քննարկել են սահմանադրական փոփոխությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ճգնաժամ. Քաղաքացիական պատերազմ, գլոբալ սպառնալիք. Բան Կի Մունի հոդվածը’