‘Վրաստանի ԱԳՆ ղեկավարը թվարկել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանները’

907

Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն այն դեպքում, եթե  Վրաստանը ապաօկուպացվի, իսկ ՌԴ-ն էլ ետ կանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կվերադառնա Մոսկվայի և Թբիլիսիի երկխոսության օրակարգ: «Մենք այդ հարաբերությունների զարգացման կողմնակից ենք, մենք լսել, գնահատել ենք վրաց նոր ղեկավարության մոտեցումները: Եւ կարծում եմ, որ մեր համագործակցության զարգացումը՝ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար, արվեստի, գիտության ոլորտներում՝ դրանք շարունակվում են… Այդ ամենը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ միմյանց»,- ասել է Լավրովը: «Վրաստանի համար ցանկալի է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի հետ, քանի որ դա ենթադրում է երկու բան. առաջինը՝ երկրի ապաօկուպացում, և երկրորդ՝ ճանաչման ետ կանչում: Հետևաբար՝ այդ պայմանները կատարելու դեպքում մենք մեծ հաճույքով կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները»,- լրագրողներին հայտարարել է Փանջիկիձեն, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստան. նախկին նախարարի համար դատախազը պահանջում է 28 տարվա ազատազրկում’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդի թագավորը հպատակներին կոչ է արել կայունություն պահպանել ‘