‘Վրաստանի գլխավոր դատախազությունը հանել է Օքրուաշվիլիին ներկայացված 5 մեղադրանքներից 2-ը ‘

748

Վրաստանի գլխավոր դատախազությունը հանել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին 2007 թ. ներկայացված հինգ մեղադրանքներից երկուսը: Այդ մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այսօր լրագրողներին հայտնել են գլխավոր դատախազության և ֆինանսների նախարարության քննչական ծառայության ներկայացուցիչները: Խոսքը վերաբերում է «ծառայողական դիրքի չարաշահման» և «ապօրինի եկամուտների օրինականացման» մեղադրանքներին: Ըստ տեղեկատվության՝ դատախազությունը մտադիր է հանել նաև «կաշառքի» մեղադրանքը: Դատախազներն ուսումնասիրում են նաև մյուս երկու մեղադրանքների նյութերը՝ «ծառայողական անփութություն» և «ապօրինի կազմավորման ստեղծում», որոնք նախկին նախարարին ներկայացվել են անցյալ տարիներին:

Օքրուաշվիլին պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2004 թ. դեկտեմբերից մինչև 2006-ի հոկտեմբերը: 2007-ին նա հիմնադրել էր ընդդիմադիր «Հանուն միացյալ Վրաստանի» կուսակցությունը և կոշտ քննադատության ենթարկել նախագահ Սաակաշվիլիին, ինչից հետո ձերբակալվել էր՝ պաշտոնավարման շրջանում «ծառայողական դիրքի չարաշահման, ծառայողական անփութության և ապօրինի եկամուտների» մեղադրանքներով: Սակայն մի քանի օր անց 10 միլիոն լարի (վեց միլիոն դոլար) գրավի դիմաց դատարանը նրան ազատ էր արձակել և թույլ էր տվել հեռանալ Վրաստանից: Օքրուաշվիլին մեկնել էր Փարիզ, և Ֆրանսիայի իշխանությունները շուտով նրան քաղաքական ապաստան էին տրամադրել:

2012 թ. նոյեմբերի 20-ին Օքրուաշվիլին անսպասելիորեն վերադարձավ Ֆրանսիայից և հենց Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվեց ու տեղափոխվեց բանտ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Առատ ձյունը՝ քննություններին չմասնակցելու հարգելի պատճառ’