‘Վրաստանի նախկին վարչապետին առաջադրված մեղադրանքի ծավալը մեծացվել է’

809

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեծացրել է երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին առաջադրված մեղադրանքի ծավալը: Եթե նախկինում նա մեղադրվում էր ընտրողներին կաշառելու, ուրիշի ունեցվածքը հափշտակելու և իրավասությունները գերազանցելու մեջ, ապա այժմ դրանց ավելացել է այն, որ նրա անմիջական պլանով է իրականացվել մայիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու ակցիան, որն իրականում նպատակ է ունեցել ոչ թե ցրելու ցուցարարներին, այլ նրանց «օրինակելի» դաս տալու: Դատախազությունը պնդում է, որ ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատները փակել են հրապարակի բոլոր ելքերը և թույլ չեն տվել, որ մարդիկ ցրվեն: Ցույցը ցրելու ընթացքում զոհվել էր երկու մարդ, նրանց մահվան պատճառները դեռևս չեն պարզվել, վնասվածքներ էր ստացել ավելի քան 300 հոգի, տասնյակ մարդիկ ձերբակալվել էին առանց օրինական հիմքերի: Մերաբիշվիլին հետաքննության կողմից մեղավոր է ճանաչվել, քանի որ  անձամբ է ղեկավարել  ցույցը ցրելու գործողությունները, հաղորդում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները սպառնում են մարտերը տեղափոխել Լիբանանի տարածք’
Հաջորդ հոդվածը‘Հայցվորների ջախջախիչ պատասխանը Միացյալ Նահանգների կառավարության հակահայկական միջնորդագրին’