‘Վրաստանի նախկին վարչապետի և Թբիլիսիի քաղաքապետի դեմ կարող են գործ հարուցել ‘

939

Վրաստանի գլխավոր դատախազությունը կարող է գործ հարուցել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի դեմ, այսօր հաղորդում է թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը:

Թերթի տվյալներով՝ ֆինանսների նախարար Նոդար Խադուրին դիմելու է գլխավոր դատախազություն՝  մի քանի ակտերի առնչությամբ, որոնք ընդունվել են խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո՝ մինչև հոկտեմբերի 25-ին  դաշինքի կողմից նախարարների կաբինետի ձևավորումը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքապետարանի կողմից կառավարությանը սոցիալական ծրագրերի փոխանցման մասին, որոնք առնչվում են գրեթե 600 հազար թբիլիսցիների: Պարբերականի տվյալներով՝ «Վրացական երազանքում» ասում են, որ այդպիսով իշխանությունները փորձել են վրեժ լուծել մայրաքաղաքի բնակիչներից՝ խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի թիմին պաշտպանելու համար: Նոր կառավարությունն արդեն չեղյալ է հայտարարել այդ ակտերը, սակայն քաղաքապետարանը, որտեղ հիմնականում նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցներն են, հայտարարում է, որ միջոցներ չունի, և պնդում է, որ թբիլիսցիների հոգսերն ստանձնի կենտրոնական իշխանությունը:

 Նոդար Խադուրիի կարծիքով՝ Մերաբիշվիլին և Ուգուլավան այդպես գործելու իրավունք չունեին, մանավանդ որ նրանք հենց նույն ակտերով մեծացրել են մայրաքաղաքի վարչակազմի ֆինանսավորումը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ձնեմարդերի ամանորյա փառատոն կանցկացվի ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Փողի յուրացումը, որի համար ինձ մեղադրում են, բացարձակապես անհիմն է’