‘Վրաստանի պետանվտանգության նախկին նախարարը վերադարձել է հայրենիք’

930

Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան Մոսկվայից վերադարձել է Թբիլիսի, որպեսզի երկրի քաղաքական կյանքում գլխավորի ռուսաստանամետ շարժումը: Վրաստան  վերադարձած Խաբուրձանիան «Մաեստրո» հեռուստաընկերության եթերից հայտարարել է, թե պատրաստ է միավորել Վրաստանի քաղաքական կյանքի ողջ ռուսաստանամետ հատվածին: «Վրաստանում տեղի է ունեցել քաղաքական ուժերի տարբերակում, և այժմ գոյություն ունեն արևմտամետ, ամերիկամետ և ռուսասատանամետ ուժեր: Նաև ազգային կողմնորոշման խմբեր կան: Ռուսաստանամետ՝ չի նշանակում, որ պետք է առաջ մղվեն ռուսական շահերը: Դա նշանակում է վրացական և ռուսաստանյան շահերի համընկնում: Ոչ ոք չի հրաժարվում արևմտյան արժեքներից: Մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ պետք է ավելի սերտ հարաբերություններ կառուցվեն, ընդհուպ մինչև նրա հետ միասին տարածաշրջանային միավորումների մեջ լինելը»,-ասել է Խաբուրձանիան: Նա ընդգծել է, որ վաստակ ունի Ռուսաստանի առջև, և Պանկիսյան խնդրի լուծումը (գրոհայինները Ռուսաստան էին թափանցել Պանկիսի կիրճից) մեծապես կանխորոշվել է այն ժամանակ, երբ ինքն զբաղեցնում էր պետանվտանգության նախարարի պաշտոնը:

Հարկ է նշել, որ Խաբուրձանիան համարվում էր «վարդերի հեղափոխության» համակիր և մի որոշ ժամանակ զբաղեցրել է նախարարի պաշտոնը, սակայն ինչպես պարզաբանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ նա Խաբուրձանիային ազատել է աշխատանքից այն բանից հետո, երբ իր հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իր համակուրսեցի Խաբուրձանիային թողնել պաշտոնում: Սաակաշվիլին ընդգծել էր, որ չէր կարող «Ռուսաստանի ազդեցության գործակալին» թողնել նման նշանակալի պաշտոնում, հաղորդում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյան. Այսքան քիչ հիմնավորումներով հայց ՍԴ-ում դեռ չէի տեսել’
Հաջորդ հոդվածը‘Ճոպանուղին կաշխատի ամեն օր’