‘Վրաստանի վարչապետը վաճառում է իր հեռուստաալիքը’

886

Վրաստանի վարչապետ և իշխող «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ փակում է իր ընտանիքին պատկանող «Իններորդ ալիք» հեռուստաընկերությունը: Այս նորությունն անսպասելի է եղել ոչ միայն վրաց հասարակության, այլև հեռուստաընկերության աշխատակիցների համար, ովքեր հեռարձակման դադարեցման մասին իմացել են դրանից ընդամենը մեկ օր առաջ: Իր որոշումը Իվանիշվիլին բացատրել է հատուկ գրավոր հայտարարության մեջ, որտեղ նշել է, թե հեռուստաալիքի փակումը կապված է հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որոնք Վրաստանի համար «ժողովրդավարության թեստ» են լինելու: Այդ ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածուն փոխվարչապետ Գիորգի Մարգվելաշվիլին է: Իվանիշվիլին նշել է, որ դադարեցնելով իր հեռուստատեսության հեռարձակումը՝ ինքն ուզում է ցրել անազնիվ խաղ խաղալու և իրենց թեկնածուի համար «ջերմոցային» պայմաններ ստեղծելու վերաբերյալ բոլոր կասկածները: Ըստ նրա՝ «պետության առաջին դեմքերը հեռուստաընկերություն չպետք է ունենան»:

Վրաց վերլուծաբաններից ոմանց կարծիքով, սակայն, Իվանիշվիլիի այդ քայլն ընդամենը նշանակում է, որ նա որոշել է հեռանալ քաղաքականությունից, ինչի մասին ինքն էլ քանիցս հայտարարել է:

Մինչդեռ Վրաստանում արդեն պայքար է սկսվել «Իններորդ ալիքը» ձեռք բերելու համար: Իվանիշվիլին հայտարարել է, որ այն վաճառում է շուկայական գնից եռակի էժան՝ մոտավորապես՝ 10 միլիոն դոլարով: Ընդ որում՝ վարչապետը պայման է դրել. նոր սեփականատերը պետք է ապահովի հեռուստաալիքի գործունեությունը և պահպանի աշխատակիցների աշխատատեղերը: Հավանական գնորդների թվում նշվում է գործարար և նախկին քաղաքական գործիչ Զազա Օկուաշվիլիի անունը, որը 2004 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո փակված «Իբերիա» հեռուստաընկերության սեփականատերն էր: Գնորդի մեկ այլ թեկնածու է քաղաքացիների անկախ միությունը, որը սոցիալական ցանցերի միջոցով բաժնետիրական ընկերություն է ստեղծում՝ հեռուստաալիքը գնելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան. Տիգրան Խաչատրյանն է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ’