‘Վրաստանում երրորդ անգամ են փոխում նախագահական ընտրությունների ամսաթիվը’

1084

Վրաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երրորդ անգամ փոխում են նախագահական ընտրությունների ամսաթիվը: Նոր տարբերակով, ինչպես հաղորդում է Trend-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովին, քվեարկությունը տեղի կունենա 2013 թ. հոկտեմբերի 27-ին՝ ամսվա վերջին կիրակի օրը:

Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նախորդ անգամ ընտրությունները հոկտեմբերի 31-ին նշանակելը քննադատության էր ենթարկվել հասարակական կազմակերպությունների կողմից: Ինչպես հաղորդում է Civil Georgia-ն, նրանք հայտարարել են, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա կիրակի օրը, և որ ամսաթվի ընտրությունը «քաղաքացու ընտրական իրավունքի կարևոր գործոն է»:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նախորդ նախագահի լիազորությունների վերջին տարվա հոկտեմբերին: Ընդ որում՝ նախագահն է կոնկրետ ամսաթիվ  նշանակում: Իսկ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության օրը ոչ աշխատանքային է, սակայն չի նշում շաբաթվա կոնկրետ որևէ օր: ՀԿ-ների ներկայացուցիչները սա բնութագրել են որպես օրենսդրական սողանցք, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. ՀՀԿ-ում «գլուխներ չեն թռնելու»’
Հաջորդ հոդվածը’16 անշարժ գույք, 6 ավտոմեքենա, 1 մլրդ դրամ. Վահե Հակոբյանի հայտարարագրված ունեցվածքը. Հայտարարագրեր’