‘Վրաստանում մոտավորապես հազար կալանավորներ հացադուլ են հայտարարել’

897

Արևմտյան Վրաստանի բանտերից մեկում հազարի չափ կալանավորներ հացադուլ են հայտարարել, հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:  Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ նման միջոցի են դիմել բանտի վարչակազմի կողմից դաժան վերաբերմունքի պատճառով:

Բանտի մոտ են հավաքվել կալանավորների հարազատները: Այնտեղ է ժամանել նաև Վրաստանի օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչը, որը հանդիպել է հացադուլավորներից մեկի հետ, ով նրան ցույց է տվել ծեծի հետքերն իր մարմնի վրա: «Կալանավորի մարմնի վրա ֆիզիկական ներգործության հետքեր կային, սակայն դրանց ծագումը պետք է որոշի փորձաքննությունը»,- հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:

Մինչդեռ պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին պնդում է, որ ակցիան ծրագրել են քրեական հեղինակությունները: «Վերջերս կալանավորների այդ կատեգորիայի դեմ միջոցներ են ձեռք առնվել, որոնք սահմանափակում են նրանց արտոնյալ դիրքը կալանավայրերում: Դա նրանց դուր չի եկել, և նրանք կազմակերպել են զանգվածային հացադուլ մյուս կալանավորների շրջանում»,- հայտարարել է Սոբարին՝ հավելելով, որ նրանց պլանների մասին իրեն տեղեկացրել են դեռ մի քանի շաբաթ առաջ:

Վերջին ամիսներին վրացի կալանավորները բազմիցս հացադուլներ են հայտարարել երկրի տարբեր բանտերում: Բոլոր դեպքերում նրանք պահանջել են փոխել «գողական աշխարհին» պատկանելության համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը (այն ՔՕ-ում մտցվել է «վարդերի հեղափոխությունից» հետո, որից հետո մի շարք քրեական հեղինակություններ հայտնվեցին ճաղերի ետևում), փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նուլանդը ներողություն է խնդրել հայհոյանքի համար’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’