‘Վրաստանում նոր սկանդալ է պայթել՝ նախկին վարչապետի հետ կապված’

1218

Վրաստանում նոր սկանդալ է պայթել՝ կապված նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ, որն այժմ կալանքի տակ է:

Երեկ երեկոյան Youtube սոցիալական ցանցում չորս րոպեանոց մի տեսաերիզ է հայտնվել, որում պատկերված են Վրաստանի նախկին կառավարության ուժային կառույցների  ներկայացուցիչներ և մի խումբ զինվորականներ: Դատելով տեսագրությունից՝ այն կատարվել է ինչ-որ ռազմական միջոցառման՝ զինավարժությունների կամ հատուկ գործողության ժամանակ, և կազմակերպիչները քննարկում են այդ միջոցառման պլանը: Տեսագրության մեջ Մերաբիշվիլին ենթականերին հայտարարում է. «Ինձ երկու մարդ է պետք, երկու դիակ, բերեք ինձ այդ երկու դիակը, և վերջ»:

Ինչպես Trend-ին այսօր հաղորդել է դատախազության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Թեմուր Դոլիձեն, դատախազությունն անպայման կուսումնասիրի այդ տեսագրությունը և դրանից հետո տեղեկատվություն կտրամադրի հանրությանը:

Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին ևս պահանջել է պարզել տեսագրության իսկությունը: Միևնույն ժամանակ՝ նա քաղաքական գործիչներին հորդորել է սպասել դատախազության և դատարանի եզրակացությանը, փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Բառերի և երևույթների սխալ ընկալում’
Հաջորդ հոդվածը‘Գազի որակը «գնալով ավելանում է», վստահության մակարդակը` նվազում — iLur-ի հետաքննությունը (տեսանյութ)’