‘Վրացական կողմը զարմացած է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից’

994

Այդ առթիվ այսօր հատուկ մամլո ասուլիս է հրավիրել Վրաստանի արդարադատության փոխնախարար Թինա Բուրջալիանին:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում դժգոհություն է հայտնել այն բանի առթիվ, որ պաշտոնական Թբիլիսին հրապարակել է վրացական ընդդիմության և հանցավոր աշխարհի միջև հնարավոր կապերին վերաբերող նյութերը:  

Ֆրանսիական կողմը ենթադրում է, որ այդ նյութերի օգտագործումը կարող է ազդել Վրաստանում ընտրությունների հաջող ընթացքի վրա: Ֆրանսիական կողմը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հոկտեմբերի 1-ին  ապահովել վրաց ժողովրդի խաղաղ կամարտահայտումը:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆրանսիական ոստիկանությանը և բոլոր իրավասու մարմիններին՝ ինչպես տեղեկատվություն տրամադրելու, այնպես էլ համագործակցության համար: Միևնույն ժամանակ, մենք զարմացած ենք Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունից: Համագործակցությունը և փոխօգնությունն իրականացվել են Եվրոպական համաձայնագրի շրջանակներում, որը կարգավորում է հարաբերությունները քրեական իրավունքի ոլորտում: Հենց իրավական օգնության շրջանակներում էլ մեզ տրամադրվել են այդ տեղեկությունները»,- հայտարարել է Վրաստանի արդարադատության փոխնախարարը:  Նա շեշտել է, որ վրացական կողմը ոչ մի փուլում չի պարտավորվել գաղտնի պահել իր ստացած տեղեկատվությունը:

Լուսանկարում՝ Թինա Բուրջալիանին

Նախորդ հոդվածը‘Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականներն ապացուցել են, որ գոյություն ունի ոչ թե մեկ, այլ երկու «Մոնա Լիզա»’