‘Վրացի ըմբիշին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, նա կհամալրի մեր հավաքականի կազմը’

1284

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է, որ գալիք մրցաշրջանի լուրջ փորձություններին ընդառաջ երեկ Հայաստանի ազգային հավաքականի կազմը համալրել է վրացի գերծանր քաշային, 24-ամյա Լևան Բերիանիձեն, ում երեկ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել, ու նա հետայսու իրավունք է ստացել պաշտպանելու Հայաստանի մարզական պատիվը:

Բաղդադյանը պարզաբանել է վրացի գերծանր քաշային ըմբիշի Հայաստանի ֆեդերացիա տեղափոխվելու հանգամանքը.

«Գաղտինք չէ, որ ներկայում գերծանր քաշային կարգում մենք ընդամենը մեկ ըմբիշ ունենք՝ Անդրանիկ Գալստյանը: Նա այս տարի 6 մրցաշարի է մասնակցել և գոհացուցիչ արդյունքներ չի արձանագրել: Ու այդ պատճառով էլ ՝ 2015 թվականի նախաօլիմպիական տարվա համար նպատակահարմար գտանք հրավիրել վրացի երիտասարդ, սակայն արդեն բավական մեծ ճանաչում ունեցող ըմբիշին: Վրաստանը հիմա գերծանր քայաշային կարգում 5-6 հավասարազոր ըմբիշներ ունի, ու նրանց մեջ մեծ է մրցակցությունը: Լևանը 2010 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնն է և նույն տարվա Մոսկվայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը: Նա այս տարի Վրաստանի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով միայն երկրի չեմպիոնին: Բերիանիձեն մրցապայքարի ոլորտ կներգրավվի 2015 թվականից և, հուսով ենք, կուժեղացնի Հայաստանի ընտրանու կազմը»:

Գլխավոր մարզչի խոսքով՝ վճռորոշ է լինելու Հայաստանի առաջնությունը, քանի որ հաղթողներն են իրավունք ստանալու մասնակցելու վարկանիշային մրցաշարերին:

Բաղդադյանը հայտնել է նաև, որ հունվարի 28-ից նախատեսել են ազգային ընտրանու երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում, որին ցանկություն է հայտնել մասնակցելու նաև Վրաստանի ազգային հավաքականը:

Ինչ վերաբերում է մեծահասակների Հայաստանի առաջնությանը, ապա 2015 թ ամռանը Բաքվում տեղի ունենալիք Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերին մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո ապրիլի 20-25-ի սահմաններում նախատեսվում է անցկացնել Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով էլ կորոշվի ՀՀ ընտրանու կազմը:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի վերջին՝ չորս մասնակիցները’