‘Վրացի փորձագետ. Թբիլիսիում Անկարայի հետ գործընկերությունն ընկալում են եվրաինտեգրման համատեքստում ‘

884

Թբիլիսիում Անկարայի հետ գործընկերությունն ընկալում են եվրաինտեգրման համատեքստում, քանի որ Վրաստանի նոր իշխանությունները շարունակում են տրամադրված մնալ Արևմուտքի հետ ինտեգրմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Թբիլիսիի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն:

«Թուրքերի համար Եվրոպան և ԱՄՆ-ը նույնպես շատ կարևոր խաղացողներ են: Անկարայի համար կարևոր են նաև իրացման արևմտյան շուկաները: Այս իմաստով Վրաստանը և Թուրքիան նույն ուղղությամբ են նայում`դեպի Արևմուտք: Ոչ պակաս կարևոր է այն, որ մենք Թուրքիան ընկալում ենք որպես ռազմավարապես կարևոր, տնտեսական լուրջ գործընկեր: Մեր երկու երկրների տարածքով անցկացված տարանցիկ գազատարները և նավթամուղները հիանալի հնարավորություն են ընձեռում մեզ ունենալու կապ, և, որպես հետևանք, հարաբերություններ Եվրոպայի հետ»,- ընդգծել է նա:

Գվիմրաձեի խոսքով, Թբիլիսիում բավականաչափ թուրքեր են ապրույմ, ովքեր իրենց բիզնեսն ունեն մայրաքաղաքում: Իսկ ոչ մեծ Աջարիայում նրանց թիվն արդեն 25 հազարի է հասնում, ինչը բավականին լուրջ տոկոս է կազմում: Միաժամանակ, փորձագետի խոսքով, չնայած այն բանին, որ Վրաստանի բնակչության շուրջ 15%-ն իսլամ է դավանում`մահմեդականները, Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքին թույլ ինտեգրման և ներքին մասնատվածության պատճառով, քաղաքական գործոն չեն:

«Վրաստանի մահմեդականները բաժանված են տարբեր խմբերի, կրոնական հոսանքների, քիչ կրթված են, գրեթե չեն տիրապետում վրացերենի, օտարանում են Վրաստանի հասարակական կյանքից: Այդ պատճառով մնք հակված չենք Թուրքիայի ակտիվությունն ընկալել որպես էքսպանսիա` չնայած պարբերաբար առանձին փորձագետների հակառակ պնդումներին»,- ամփոփել է Գվիմրաձեն:

Նախորդ հոդվածը‘Stratfor. 2014 թ. Կրեմլը կպահպանի և կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ ազդեցությունը’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի համախոհներին արգելում են մտնել դատարան (տեսանյութ)’