‘Վրաց «խաչակիրներին» ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարել’

1159

Համացանցում հայտնվել է Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների նկատմամբ սպառնալիքներ պարունակող մի տեսաուղերձ: Ուղերձի հեղինակները հայտարարում են, թե արտասահմանյան զորակազմերում գտնվող բոլոր վրացի զինվորները սպանվելու են: Վրաստանի իշխանություններն այժմ ուսումնասիրում են, թե որքանով են հավաստի այդ սպառնալիքները:

Ուղերձը YouTube-ում տեղադրվել է հունիսի 5-ին: Այն անգլերեն է: «Այսօր իսլամի թշնամիները կրկին եկել են մեր երկիր,- ասված է ուղերձում:- Եւ նրանց շարքերոմ նոր խաչակիրներ կան՝ ՎՐԱՍՏԱՆԻՑ: Մենք նրանց դեմ ջիհադ ենք մղում: Եւ նրանք կմեռնեն դաժան մահով»: Ուղերձի հեղինակները սպառնում են «վրացի յուրաքանչյուր խաչակրի ուղարկել դժոխք», ապա թափանցել Վրաստան և վրեժ լուծել: «Մենք գիտենք ձեր հասցեները, մենք ճանաչում ենք ձեր հարազատներին, մենք ձեզ կպատժենք»,- հայտարարում են նրանք: Սպառնալիքներն ուղեկցվում են զինծառայողների լուսանկարներով:

Վրաստանի պաշտպանության նախարարությունում, ինչպես հաղորդում է «Грузия Online»-ը, արդեն ստուգում են տեսանյութի հավաստիությունը, մեկնաբանություններն ակնկալվում են առաջիկայում: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աշխատակազմից, սակայն, հայտարարել են, թե տեսագրությունը «կեղծ է և ուղղված է ընդդեմ ժողովրդավարական կարգերի ու նպատակ ունի սպառնալիքներով Վրաստանը պոկել քաղաքակիրթ աշխարհից», հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կառլես Պույոլը քննադատել է Նեյմարի ձեռքբերումը’
Հաջորդ հոդվածը‘Երրորդ ժամկետ՝ Ալիևի համար’