‘Վ.Գասպարյան. Ոստիկանապետը նման բան աներ՝ Շանթից բան կմնա՞ր’

1390

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ:

«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ [ոստիկանության Կենտրոնականի] բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել, — հայտարարեց Գասպարյանը՝ շարունակելով:- Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:

«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն»,- ասաց ոստիկանապետը:

Դիտարկմանը, որ Շանթ Հարությունյանը նախքան երթը հայտարարել էր, որ իրենք զինված են բենզինի շշերով, քարով, փայտով և այլ իրերով, իսկ ոստիկանությունն, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել, որ Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում, և հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր չէ՞ր նախապես կանխել բախումը, Վլադիրմիր Գասպարյանն արձագանքեց. «Հայտարարվեց և կանխվեց: Եթե մտածում եք, որ հենց այդ պահին հայտարարվում է, և ձեռնաշղթաները հագցնում են և տանում են, դուք սխալվում եք: Հայտարարվեց և կանխվեց միջադեպը: Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, և ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»:

«Ոստիկանները ոչ իրավաչափ չեն գործել, — հայտարարեց ոստիկանապետը` շարունակելով. — Դուք նկատեցի՞ք, որ ոստիկանները նույնիսկ ռետինե մահակներ չունեին: Դատարկ ձեռքերով կանգնած էին»:

Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասաց.  «Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները և այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը»:

Ոստիկանապետի խոսքով, միջադեպի հետևանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել:

Նա նաև չի բացառել, որ ձերբակալվածների թիվն ավելանա:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Ինջիղուլյանը տուն վերադառնալուց հետո ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից’
Հաջորդ հոդվածը‘Կիվիրյանը դատախազությունում է ‘