‘Վ. Գրիգորյան. ՄԻԵԴ-ը օրերս վճիռ է կայացրել ընդդեմ հայ գերուն կտտանքների ենթարկող ադրբեջանցի գեներալի’

2214

Հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում տեղեկացնում է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական լարվածության աճի ֆոնին «աչքի ընկած» Ադրբեջանի բանակի գեներալ, ազգային հերոս Ռովշան Աքպերովը ժամանակին մեղադրվել է սպանության մեջ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բառացիորեն մի քանի օր առաջ այդ գործով վճիռ է կայացրել` ի վնաս Ադրբեջանի ազգային հերոսի:

«Ռովշան Աքպերովը՝ Կարեն Պետրոսյանի սպանությանն ակնհայտորեն առնչություն ունեցող “սպան”, որը տեսախցիկների դիմաց կազմակերպել էր Կարենի հարցաքննությունը, Ուկրաինայի դատախազության կողմից 2001թ.-ին մեղադրվել է Կիեւում իր հայրենակից Էլչին Ալիեւին ականատես վկաների ներկայությամբ դանակահարությամբ սպանության մեջ:
Օգտագործելով դիվանագիտական անձեռնմխելիության մասին ադրբեջանական դեսպանատան կողմից թողարկված կեղծ փաստաթուղթը Ռ.Ա.-ին հաջողվել էր անմիջապես փախուստի դիմել Ուկրաինայից Ադրբեջան:
Գործը, Մինսկի 1993թ.-ի իրավական փոխօգնության մասին կոնվենցիայի (կրճ.) համաձայն փոխանցվել էր Ադրբեջանի դատախազություն, որը երկար ձգձգելուց հետո այն կարճել էր՝ առանց տուժողի ընտանիքին այդ մասին տեղեկացնելու:
Սպանված Էլչին Ալիեւի ընտանիքը դիմել էր ՄԻԵԴ 2008թ.-ին Ադրբեջանի դեմ՝ իրենց որդու կյանքի իրավունքի խախտման փաստի առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու մասին բողոքով (Aliyeva and Aliyev v. Azerbaijan, app. No. 35587/08):
Սույն գործով ՄԻԵԴ-ը ճանաչել էր, որ Ադրբեջանի կողմից խախտվել է ՄԻԵԿ 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) այն հիմքով, որ պատասխանող պետության՝ Ադրբեջանի կողմից չէր իրականացվել որեւէ քննություն, եւ պատասխանատվության չէր ենթարկվել հանցագործություն կատարած անձը:
ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է 31/07/2014թ.-ին, այսինքն՝ Կարենի սպանությունից մեկ շաբաթ առաջ:
Առավել մանրամասն փաստերի եւ ՄԻԵԴ իրավական վերլուծությունների, ինչպես նաեւ՝ սույն գործով կողմերի դիրքորոշումների մասին նայեք վճռում ստորեւ հղումով:
Վճռում Ռովշան Աքպերովը հիշատակվում է, որպես “R.A.”», — գրում է Վահե Գրիգորյանը:

Արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատար, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը նախօրեին տարածված մի տեսանյութում բռնության է ենթարկում հայ-ադրբեջանական սահմանը պատահաբար հատած Կարեն Պետրոսյանին` փորձելով նրան ներկայացնել որպես զինված դիվերսանտ: Տեսանյութի տարածումից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ Կարեն Պետրոսյանը Բաքվում «հանկարծակի» (ադրբեջանական ԶԼՄ-ների ձեւակերպմամբ-խմբ.) մահացել է: Ավելի ուշ բազմաթիվ փաստարկների, մասնավորապես` այս ինֆոգրաֆիկայի միջոցով ապացուցվեց, որ Պետրոսյանը չէր կարող զինված դիվերսանտ լինել: Ավելին, «Ազատթյուն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես են ադրբեջանական Աղբուլաղ գյուղի բնակիչները ընդունում եւ հանգիստ զրուցում Կարեն Պետրոսյանի հետ, իսկ Կարենի հետեւից եկած զինվորականների ժամանումից հետո գյուղացիները դիմադրություն են ցույց տալիս նրանց:   

Իսկ սրանից մի քանի օր առաջ Աքպերովը ապատեղեկատվություն էր տարածում հայկական կողմից մի քանի տասնյակ զոհերի մասին:

Նախորդ հոդվածը‘Շ. Քոչարյան. Չկա Ադրբեջանի որևէ կետ, որը հասանելի չէ հայկական հրթիռների համար- «Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ ավիացիան ռմբահարել է իսլամիստների ճամբարն Իրաքում’